Բնակարանների վարձերը թանկանում են, գներն աճում, իսկ շուկան մնում է «շուկա»

Հայաստանում բնակարան ունենալը կամ վարձակալելը գնալով ավելի մեծ ֆինանսական խնդիր է դառնում։

Մի կողմից՝ աճում են բնակարանների վաճառքի գները, մյուս կողմից՝ մատչելի վարձով բնակարան գտնելը դժվարանում է։ Իսկ պետության դիրքորոշումը շարունակում է մնալ՝ «շուկայական գործընթացներին կոշտ միջամտությունը ճիշտ չէ»։

 

Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անշարժ գույքի շուկային, նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 15 հազարով ավելի գործարք է իրականացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային՝ այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչների և ներդրողների շրջանում։

 

Բայց ակտիվ շուկայի մյուս կողմում բնակարան փնտրող քաղաքացին է։ Փաշինյանի խոսքով՝ անշարժ գույքի գները շարունակում են աճել, սակայն կառավարության նախնական եզրակացությունն այն է, որ «շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ»։

 

Տնտեսական առումով մոտեցումը հասկանալի է, սակայն սոցիալական տեսանկյունից հարցն այլ է․ եթե բնակարանի գինը կամ վարձավճարը բարձրանում է ավելի արագ, քան ընտանիքի եկամուտը, շուկայի ազատությունը վերածվում է քաղաքացու համար լուրջ խնդրի։

Այս խնդիրն է բարձրաձայնել Բերտա Շահրամանյանը, ով 2023 թվականի սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի ժամանակ կորցրել է հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ Նա ապրում է մոր ու զինվորական հաշմանդամություն ունեցող եղբոր հետ։ Ինքը տան միակ աշխատողն է։

«Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք, ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։ Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը»,- MediaHub-ին ասում է Բերտան։

 

Նրա պատմությունը ցույց է տալիս բնակարանային շուկայի հիմնական հակասությունը․ սեփականատիրոջ համար բարձր պահանջարկը հնարավորություն է, իսկ վարձակալի համար՝ ավելի մեծ ֆինանսական բեռ։ «Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Դիմում եմ ՀՀ իշխանություններին մեծ խնդրանքով՝ հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում»։

 

Բերտայի բարձրացրած մյուս հարցը հարկային դաշտին է վերաբերում․ արդյո՞ք բնակարանների սեփականատերերը վարձակալությունից ստացած եկամտից հարկ են վճարում։

Օրենսդրությամբ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը հարկման ենթակա է, և համապատասխան դեպքերում կիրառվում է 10 տոկոս եկամտային հարկ։ Սակայն հարց է մնում՝ որքանո՞վ են վարձակալական հարաբերությունները պատշաճ ձևակերպվում և ստացված եկամուտները մտնում հարկային դաշտ։

Ու այստեղ էլ առաջանում է գլխավոր հակասությունը․ պետությունն ասում է՝ շուկային կոշտ միջամտել պետք չէ, շուկան ասում է՝ պահանջարկ կա, հետևաբար գինը բարձրանում է։ Սեփականատերն ասում է՝ եթե այս գնով վարձակալ կա, ինչո՞ւ ավելի էժան գնով տամ։ Իսկ քաղաքացին ասում է՝ ես այս գինը վճարելու հնարավորություն չունեմ։ Հենց այս հակասության մեջ էլ ձևավորվում է բնակարանային խնդրի սոցիալական կողմը․ ակտիվ և աճող շուկան դեռ չի նշանակում մատչելի շուկա։

 

Հունան Թադևոսյան

Leave a comment