Հայաստանը և QS-ը մեկնարկում են համագործակցություն՝ հայաստանյան բուհերում նորարարության և գերազանցության խթանման համար


ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և QS Quacquarelli Symonds-ը (QS) մեկնարկել են ռազմավարական համագործակցության նոր ծրագիր։


Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վերափոխմանը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով.


  • տվյալների վրա հիմնված վերլուծություն,

  • միջազգային համեմատական գնահատում (benchmarking),

  • տվյալահենք եզրահանգումներ,

  • ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհային քարտեզներ,

  • հայաստանյան համալսարանների միջազգային մրցունակության և տեսանելիության ամրապնդմանն ուղղված խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև

  • բարձրագույն կրթության համակարգի առավել սերտ համապատասխանեցում ազգային առաջնահերթություններին և համաշխարհային չափանիշներին։


Համագործակցությունը նպաստում է բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նպատակների իրականացմանը։ Այդ թիրախներից են Հայաստանի գիտակրթական համակարգի միջազգային ճանաչման մակարդակի բարձրացումը և հայաստանյան բուհերի համար աշխարհի 500 լավագույն համալսարանների շարքում տեղ զբաղեցնելու համար մրցակցային հնարավորությունների ստեղծումը։


42-ամսյա համագործակցության ծրագիրը կիրականացվի երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են համապատասխան գործողություններ, արդյունքներ և վերջնաժամկետներ։ Ռազմավարական գնահատման զեկույցների պատրաստումից հետո QS-ը կաշխատի Հայաստանի համապատասխան շահակից համալսարանների հետ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ և աջակցությամբ։ Գործընկերները կանցկացնեն ռազմավարական զարգացման աշխատաժողովներ, կմշակեն ինստիտուցիոնալ ճանապարհային քարտեզներ և հետագա հանդիպումների, աշխատաժողովների ու զեկույցների միջոցով կգնահատեն մասնակից համալսարանների առաջընթացը։


Գնահատումից մինչև իրականացում՝ քարտեզագրված ուղի


Առաջին վեց ամիսների ընթացքում QS-ը կպատրաստի երկրի մակարդակով ռազմավարական գնահատում, որը կներառի Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում առարկայական կլաստերների, ինստիտուցիոնալ ուժեղ կողմերի և համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը։


Առանձին ինստիտուցիոնալ գնահատումների շրջանակում կուսումնասիրվեն մասնակից համալսարանների՝ Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինստիտուցիոնալ պատկերը, առանցքային ուժեղ կողմերը, փոխլրացնող կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսվող ինստիտուցիոնալ միավորման գործընթացների համատեքստում։


7-42-րդ ամիսներին համագործակցությունը ռազմավարական գնահատման փուլից կանցնի կարողությունների շարունակական զարգացմանը և իրականացմանն աջակցելուն։ Երևանում առկա ձևաչափով անցկացվելիք մեկնարկային սեմինարին կհաջորդեն ռազմավարական զարգացման 27 աշխատարաններ, որոնք կիրականացվեն առկա և առցանց ձևաչափերի համադրմամբ։


Աշխատաժողովները կկազմակերպվեն երեք փոխկապակցված թեմատիկ ուղղություններով․


  • Թեմա Ա. Հիմքեր և կարողությունների զարգացում։ Այս բաղադրիչը կներառի QS-ի վարկանիշավորման մեթոդաբանություններն ու ներառման չափանիշները, տվյալների ներկայացման գործընթացները, ինստիտուցիոնալ կատարողականի վերլուծությունը, համադրելի համալսարանների հետ համեմատական գնահատումը և հեղինակության ամրապնդման գործելակերպերը։

  • Թեմա Բ. Հետազոտական ուժեղ կողմեր և զարգացում։ Այս բաղադրիչը կկենտրոնանա առարկայական ուղղություններով ուժեղ կողմերի, զարգացման ներուժի, ձևավորվող ոլորտների, հետազոտական արտադրողականության, հետազոտությունների ազդեցության և տեսանելիության, համագործակցության ձևաչափերի, ինստիտուցիոնալ առաջընթացի շարունակական մշտադիտարկման, միտումների բացահայտման և ռազմավարական առաջնահերթությունների հստակեցման վրա։

  • Թեմա Գ. Գլոբալ դիրքավորում և ռազմավարական ազդեցություն։ Այս բաղադրիչը կկենտրոնանա միջազգային ներգրավվածության, միջազգային գործընկերությունների վերլուծության, կայուն զարգացման, ճանապարհային քարտեզների առանցքային հանգրվանների և ինստիտուցիոնալ առաջընթացի վերջնական գնահատման վրա։


Կիրառելիության դեպքում ինստիտուցիոնալ կատարողականը կհամադրվի տասը համադրելի բուհերի ցուցանիշների հետ։


Մասնակից համալսարաններից յուրաքանչյուրը կստանա նաև իր կարիքներին համապատասխան մշակված ինստիտուցիոնալ զարգացման եռամյա ճանապարհային քարտեզ, ինստիտուցիոնալ կատարողականի և միջազգային ներգրավվածության բարելավմանն ուղղված կատարողականի առանցքային ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև հետագա ուղղորդման հանդիպումներ։


Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի մասնակցությամբ ամենամյա աշխատաժողովներն ու առաջընթացի վերաբերյալ զեկույցները կնպաստեն ծրագրի ընդհանուր առաջընթացի գնահատմանը, ինստիտուցիոնալ զարգացման և պետական քաղաքականության առաջնահերթությունների միջև համապատասխանության պահպանմանը, նոր կարիքների բացահայտմանը և համակարգային բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակմանը։


Վարկանիշավորումը՝ որպես որակի բարելավման գործիք


Նոր ծրագիրը հիմնվում է 2026 թվականի հունիսի 23-25-ը կայացած QS Higher Ed Summit: Europe 2026 գագաթնաժողովի ընթացքում ստորագրված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարության վրա։ Այն ազդարարում է ընդհանուր հանձնառությունից բխող գնահատման, կարողությունների զարգացման և հաշվետու իրականացման երկարաժամկետ ծրագրի մեկնարկը։


Համագործակցության նպատակը ոչ թե պարզապես վարկանիշային որոշակի թվային դիրքի հասնելն է, այլ միջազգային գնահատումը՝ որպես կրթության, հետազոտությունների, կառավարման և միջազգային ինտեգրման բարելավման գործնական միջոց կիրառելը։


Հետազոտական ավելի բարձր կատարողականը, առավել արդյունավետ միջազգային գործընկերությունները, գործատուների հետ առավել սերտ համագործակցությունը, ինստիտուցիոնալ թափանցիկ ու հուսալի տվյալները, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին տրամադրվող առավել արդյունավետ աջակցությունն ինքնին բովանդակային արդյունքներ են։ Դրանք նաև պայմաններ են ստեղծում համաշխարհային, տարածաշրջանային, առարկայական և կայուն զարգացման վարկանիշներում կայուն առաջընթացի համար։


Համակարգային մակարդակում երկրի գնահատումը կբացահայտի համալսարանների և դրանց հետ փոխկապակցված գիտահետազոտական ինստիտուտների ուժեղ կողմերն ու փոխլրացման հնարավորությունները։ Ստացված փաստական տվյալները կնպաստեն «Ակադեմիական քաղաքի» պլանավորմանը և կօգնեն ինստիտուցիոնալ զարգացումը համապատասխանեցնել հետազոտական կարողությունների, միջազգայնացման, շրջանավարտների արդյունքների և երկարաժամկետ ակադեմիական գերազանցության ուղղություններով Հայաստանի ազգային նպատակներին։


Հետևաբար ծրագիրը կդիտարկի հաջողության ցուցանիշների առավել լայն շրջանակ՝ ներառյալ ճանապարհային քարտեզների իրականացումը, ինստիտուցիոնալ կարողությունները և մասնակից համալսարանների կատարողականի առանցքային ցուցանիշների բարելավումը ժամանակի ընթացքում։

Դիտումների քանակ4

Leave a comment