Լավրովը՝ Հայաստանի իշխանություններին․ «Ի՞նչ է նշանակում՝ երբ ժամանակը գա» (տեսանյութ)
Հարց․ Այնտեղ ևս մեկ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանն է գտնվում հետաքննության ներքո, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա դարձավ նախագահ։
Սերգեյ Լավրով․ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարերի ընթացքում միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Միշտ, երկար ժամանակահատվածներում մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ, Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Իհարկե, այս շահերը պետք է գերակշռեն։
Այժմ Երևանի իշխանությունների ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հայտարարվել է Եվրամիությանն ուղղվելու նպատակ, ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Սակայն երբ Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք այս տարվա մայիսին գագաթնաժողովում հանդիպել էին, հայտարարությամբ կոչ արեցին Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և որոշել՝ ցանկանում են լինել ԵՄ-ում, թե մնալ ԵԱՏՄ-ում, կարծում եմ՝ դա միանգամայն արդարացված խնդրանք է։
Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին բազմիցս խոսվել է։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կորոշի։ Ի՞նչ է նշանակում՝ «երբ ժամանակը գա»։ Եթե դու օրենք ես ընդունել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին։
Բառացիորեն օրերս կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ հանրաքվեի մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացվի, երբ դրա վերաբերյալ արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այդ ժամանակ, նրա խոսքով, կլինի նաև հանրաքվեն։
Իմ կարծիքով՝ սա չի խոսում հայ ընտրողների, հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի՞ միջև ես ընտրություն կատարում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 6 միլիարդ, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ։
Հարց․ Ձեզ չի՞ հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանում, 2013 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած գործընթացները, երբ այնտեղ ևս տեղի էր ունենում «մարտական դաշինքների» միաձուլում։
Սերգեյ Լավրով․ Արյունալի «Մայդանի» մեկնարկի պաշտոնական առիթը Վիկտոր Յանուկովիչի խնդրանքն էր՝ ոչ թե չեղարկել ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ հետաձգել այն։
Որովհետև այնտեղ միանգամայն ակնհայտ բան կար․ եթե Ուկրաինան դառնար Եվրամիության ասոցացված անդամ, ապա գրեթե բոլոր ապրանքատեսակների համար կունենար զրոյական մաքսատուրքեր։ Իսկ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակում էլ մեզ հետ զրոյական մաքսատուրքեր ունեին։ Մաքսային սահման գոյություն չուներ։
Մենք նրանց պարզապես ասացինք, որ եթե նրանք բացեն սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, քանի որ մենք, ԱՀԿ-ին անդամակցելով, 18 տարի պայքարել էինք Եվրոպայից մաքսային պաշտպանության հասնելու համար։ Եվ հասել էինք դրան։ Եթե դուք լայն բացեք ձեր սահմանները, ամեն ինչ կհոսի մեզ մոտ։
Հարց․ Ռուսաստանն անցել է Ուկրաինայի հետ հարաբերությունների այս ճանապարհը։ Ինչպե՞ս կարող ենք հիմա Հայաստանի հետ թույլ չտալ նույն սխալները, չխզել հարաբերությունները, չկտրել կապերը։
Սերգեյ Լավրով․ Մեր կողմից ամեն ինչ արված է։ Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շնորհիվ, այդ թվում՝ մեզանից էներգակիրներ ստանալով Եվրամիության գներից 3-4 անգամ ցածր գներով։
Ելնում եմ այն հանգամանքից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան։ Մենք ունենք փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ։ Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության իրավիճակը, որը ՌԺԴ-ի կողմից կոնցեսիոն կառավարման ներքո է։
Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք արդեն առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես այդ առնչությամբ մտածում։ Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք։
Հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ։
Կարելի է հիշել նաև Մոլդովան, որտեղ ընտրություններն անցկացվեցին Եվրամիության այդպիսի բուռն մասնակցությամբ, բայց նույնիսկ դա չօգնեց ստանալ Մոլդովայում ապրող մոլդովացիների ձայների մեծամասնությունը։ Ընդամենը 48 տոկոսն էր կողմ Եվրամիության ուղղությամբ շարժվելուն և Մայա Սանդուին նախագահ ընտրելուն։
Ամեն ինչ որոշվեց Եվրոպայում բացված ընտրատեղամասերի հաշվին՝ ավելի քան 200 ընտրատեղամաս այնտեղ, մինչդեռ Ռուսաստանում, որտեղ ամենամեծ սփյուռքն է, բացվել էր ընդամենը երկու տեղամաս։ Հարյուր հազարավոր ձայներ պարզապես ջնջվեցին, մարդկանց թույլ չտվեցին քվեարկել։
Հիմա, ի դեպ, Եվրամիությունը այնտեղ մեկ առաքելություն ունի։ Դրան համանման առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ այս տարվա հունիսի 7-ին, պայքարում էր «հիբրիդային սպառնալիքների» դեմ։ Սա ցավալի է։
Առավել ևս, որ ևս մեկ անգամ՝ և՛ Մոլդովայի, և՛ Հայաստանի դեպքում, Եվրամիությունն ուղղակիորեն միջամտում է ընտրական գործընթացներին, փորձում է ազդել դրանց վրա։ Ճիշտ է, ոչ այնքան լկտիաբար, որքան 2024 թվականին դա արեցին Ռումինիայում, երբ որևէ քարոզչություն չօգնեց, և առաջին փուլից հետո առաջատար թեկնածուին առանց որևէ բացատրության «հանեցին մրցավազքից»։
Հավանաբար Հայաստանում և Եվրամիության հետ սիրախաղ անող այլ երկրներում կան վերլուծաբաններ։ Դրանում ոչ մի կերպ չեմ կասկածում։ Խելացի, ուշադիր մարդիկ են։ Նրանք վերջապես պետք է հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն և ինչ օգուտ են ցանկանում ստանալ։
Հարց․ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացավ «հետխորհրդային տարածք» հասկացությունը։ 2026 թվականին, Ձեր կարծիքով, այս հասկացությունն արդեն պատմության գի՞րկն է անցել։ Այն դեռ արդիական է՞։
Սերգեյ Լավրով․ Կարծում եմ՝ այն վաղուց պատմության գիրկն է անցել, ինչպես և շատ այլ միավորումներ, որոնք ժամանակին կայսրություններ էին։
Խորհրդային Միությունը, հավանաբար, կայսրություն էր, ինչպես Ռուսական կայսրությունը։ Մեր տարածքի սահմանները որոշ հատվածներում նույնիսկ ավելի մեծ էին։ Բայց «հետ»-ը միշտ ինչ-որ բան է, որը մնացել է անցյալում։
Պատմությունը պետք է հիշել։ Բայց ժամանակակից քաղաքագիտության մեջ օգտագործել՝ «ահա կար ժամանակ, և ահա մենք պետք է ինչ-որ կերպ չմոռանանք դրա մասին»… Դա պետք է թողնել պատմաբաններին և երիտասարդների դաստիարակության, դպրոցների, ինստիտուտների համար, որպեսզի չմոռանանք մեր ավանդույթների, հոգևոր արժեքների մասին, որոնք դարերով սերնդեսերունդ փոխանցվել են։
Իսկ ժամանակակից քաղաքականության համար կա մի եզրույթ, որը մենք օգտագործել ենք արտաքին քաղաքականության հայեցակարգի վերջին տարբերակում՝ 2023 թվականի մարտի 31-ին՝ «մերձավոր արտերկիր»։
«Մերձավոր արտերկիրը» չեզոք է՝ ոչ խորհրդային, ոչ կայսերական, ոչ ժողովրդավարական։ Կա արտերկիր։ Այստեղ ապրում են մարդիկ, և յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու իր կյանքի կազմակերպման, պետության ձևը, որոշելու իր ճակատագիրը։ Մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրել։
Եթե նայենք յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի սկզբնապատճառներին, ապա մեր շուրջ առաջացած բոլոր խնդիրները դրսից են ներմուծվել։ Սա վերաբերում է Բրիտանիային և եվրոպացիներին։ Մշտապես՝ Եվրոպային։
Դեռ 2004 թվականին Ուկրաինայում առաջին «Մայդանն» էր։ Այն ժամանակ Ուկրաինայի Սահմանադրական դատարանին ստիպեցին ընդունել հակասահմանադրական որոշում և անցկացնել ընտրությունների երրորդ փուլ, քանի որ երկրորդ փուլում հաղթել էր Վիկտոր Յանուկովիչը, ոչ թե Վիկտոր Յուշչենկոն։
Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշմամբ անցկացվեց երրորդ փուլ, որը Սահմանադրությամբ նախատեսված չէր։ Այն ժամանակ մենք աշխատում էինք և՛ Վիկտոր Յուշչենկոյի, և՛ Յուլիա Տիմոշենկոյի հետ։ Հարգում էինք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը։ Նույնիսկ այն ընտրությունը, որն արվել էր եվրոպացիների կիրառած խարդախ մեթոդներով։
Մենք մեզ ոչինչ չունենք մեղադրելու։ Հնարավոր է՝ մեզ մեղադրում են այն բանում, որ մեր «փափուկ ուժը» չափազանց փափուկ է, և պետք է ավելի կոշտ լինի։
Հարց․ Այո, լսել եմ, որ այս տարվա մայիսին Հայաստանում ասում էին, թե Ռուսաստանը չի կարողանում օգտագործել «փափուկ ուժը», չի ստացվում։
Սերգեյ Լավրով․ Այո, հավանաբար։ Չէ՞ որ այժմ «փափուկ ուժը» միանշանակ վերածվել է ներքին գործերին ուղղակի միջամտության մեթոդների։
Իհարկե, պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք և ունենք դիվերսիոն աշխատանքի փորձ։ Մեր հետախույզներն աշխատել են տարբեր երկրներում, հերոսաբար պաշտպանել են շահերը։ Բայց դա, նախևառաջ, տեղեկատվության հավաքագրում է։
Իսկ պետական հեղաշրջումներ կազմակերպել մենք չենք սովորել։