Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը

Քաղաքականություն

27.08.2026 | 16:05

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ քննարկել է «մի շարք հարցեր, որոնք գտնվում են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նարիշկինը չի հստակեցրել, թե հատկապես ինչ հարցեր է քննարկել Ռեթքլիֆի հետ, որը երեքշաբթի գաղտնիության ռեժիմում  Ռիգայից ռազմական ինքնաթիռով ժամանել էր Մոսկվա։

«Հանդիպումը տեղի է ունեցել, բայց դրանում ոչ մի անսովոր բան չկա։ Հատուկ ծառայությունների պրակտիկայում ղեկավարների միջև հանդիպումները կամ առցանց անձնական հանդիպումները մեր աշխատանքի մասն են կազմում»,- ասել է նա։

The Wall Street Journal-ի և Politico-ի աղբյուրները պնդում են, որ ԿՀՎ ղեկավարի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ խոսքը գնացել է հատկապես Բալթյան երկրների դեմ «էսկալացիոն գործողությունների» անթույլատրելիության և Իրանին ռազմական ու տնտեսական աջակցությունը դադարեցնելու ԱՄՆ պահանջի վրա։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի լրագրողներին ասել էր, որ շփումները «տեղի են ունեցել հատուկ ծառայությունների  գծով», և որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment