Նորաձև ռիթեյլից դեպի կապիտալի շուկա․ 500 մլն դրամ ծավալով ML Fashion–ի պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որն ազդարարել է ընկերության մուտքը կապիտալի շուկա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:


 Բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որն ազդարարել է ընկերության մուտքը կապիտալի շուկա:


ML FASHION-ի՝ 500 մլն դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի երկրորդային՝ Bbond ցուցակում: Կցուցակվեն 5000 հատ պարտատոմսեր՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։


 Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է «Cube Invest» ներդրումային ընկերության միջոցով՝ 2026 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում։


 «ML FASHION» ՍՊԸ–ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ:


 Այսուհետ ներդրողները օգոստոսի 26-ից կարող են մասնակցել ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով Cube Invest ներդրումային ընկերություն։


 Կարևոր քայլ տնտեսության համար


 «Սա շատ ողջունելի քայլ է առհասարակ մեր տնտեսության համար, որովհետև նորաձևության ոլորտից քիչ ընկերություններ ունենք, որոնք ներկա են կապիտալի շուկայում։ Սա կրկին անգամ փաստ է առ այն, որ պետք չէ վախենալ կապիտալի շուկայից միջոցներ ներգրավել, այլ ընդհակառակը, պետք է լինել խիզախ և քաջ, գործել թափանցիկ, ինչպես թողարկողներն են գործում, ի դեմս նաև, օրինակ, ML FASHION ընկերության և հասարակությունից ներգրավել միջոցներ պարտատոմսերի, բաժնետոմսերի տեսքով», – հայտարարեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։


 Նա նշեց իրական հատվածի հայկական ընկերությունների շատ բարձր հետաքրքրվածությունն այս ճանապարհով ֆինանսավորում ներգրավելու նկատմամբ, հատկապես այն ընկերությունների սուբսիդավորման պետական ծրագրի մեկնարկից հետո, որոնք որոշում են արժեթղթերը դուրս բերել AMX:




 «Ծրագիրն ուղիղ դրական ազդեցություն ունեցավ տնտեսական աճի վրա, քանի որ ընկերությունները սկսեցին ոչ թե գրավով վարկեր ներգրավել, այլ իրենց ապագա բիզնես պլանի, իրենց ապագա աճի և անցած ճանապարհի վստահության հիման վրա ներգրավել գումարներ, ինչքան որ իրենց կվստահեն, ոչ թե գրավի առարկայի չափով»,– պարզաբանեց նա։


 Խոսելով Cube Invest–ի մասին՝ Եգանյանը նշեց, որ այն առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը տեղաբաշխումների կարևորագույն կազմակերպիչներից է:


 «Ըստ էության, ինչ էլ անես, եթե չկա ներդրումային ծառայություն մատուցող ընկերություն, միանշանակ չի կարող զարգանալ կապիտալի շուկան։ Կապիտալի շուկան զարգանում է Cube Invest ընկերության նման ընկերությունների ակտիվությամբ», – ընդգծեց նա։


 Պարտատոմսերը՝ որպես զարգացման և ընդլայնման գործիք


 «Ընկերության համար սա նոր քայլ է, զարգացման նոր ուղի, ըստ էության, որը հնարավորություն է տալիս ընկերությանն օգտվել ժամանակակից կապիտալի շուկայի առաջարկած այնպիսի գործիքներից, ինչպիսին պարտատոմսն է», – ասաց «ML FASHION» ՍՊԸ–ի խորհրդի նախագահ Եղիշե Դանիելյանը։


Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա նշեց, որ միջոցները, որոնք ներգրավվել են պարտատոմսերի միջոցով, ուղղվելու են զարգացման ռազմավարությամբ ուղղված նպատակների իրականացմանը․ էլ ավելի զարգացնել ընկերությունը, ընդլայնել գործող խանութների ցանցը, ներգրավել նոր ապրանքանիշեր։




 Դանիելյանը նաև նշեց, որ պարտատոմսեր ներգրավելու նպատակը հենց կապիտալի շուկա մուտք գործելն է։


 «Այժմյան իրականության մեջ կարևորել ենք նաև միջոցներ ներգրավել ոչ ուղղակի կերպով, օրինակ` վարկերի տեսքով բանկերից, այլ ներգրավվածություն ունենալ նաև կապիտալի շուկայում», – պարզաբանեց նա՝ հույս հայտնելով, որ ընկերության մուտքը կապիտալի շուկա դրանով չի սահմանափակվի և հետագայում հնարավորություն կլինի հանդես գալ նոր ներդրումային ծրագրերով։


 Նա նաև շնորհակալություն հայտնեց Cube Invest–ին պարտատոմսերը ժամկետից շուտ տեղաբաշխելու համար, ինչը, նրա խոսքով, խոսում է ներդրողների վստահության բարձր մակարդակի մասին։


 Cube Invest–ը՝ հուսալի թողարկողի հետ գործընկերության մասին


 «Մեզ համար սա գործընկերության սկիզբ է, որովհետև, ինչպես փորձը ցույց է տալիս, կապիտալի շուկաները մեկանգամյա չեն լինում։ Սա բավականին տևական պրոցես է», – ասաց «Cube Invest» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։


 Նրա խոսքով, ML FASHION–ի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկ է եղել ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից։


 «Ցանկանում եմ նշել, որ վերջին շրջանում կառավարության կողմից սուբսիդավորման ծրագրի շրջանակներում բավականին մեծ ակտիվություն է նկատվում, և թողարկողների մեծ հոսք է նկատվում կապիտալի շուկաներ, ինչը շատ ողջունելի է ցանկացած զարգացած և զարգացող ֆինանսական երկրում», – ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։


 Խոսելով այն գործոնների մասին, որոնք հաշվի են առնվել թողարկողի ֆինանսական հուսալիության գնահատման համար՝ Մարգարյանը նշեց, որ Cube Invest–ն իրականացնում է բավականին խորը ֆինանսական վերլուծություն՝ հասկանալու համար` արդյոք այդ ընկերությունը պատրաստ է նման քայլի, ճիշտ ժամանակն է կապիտալի շուկա մուտք գործելու, հանրությունից ֆինանսներ ներգրավելու համար, թե ոչ։


 «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ընկերությունը բավականին լավ ֆինանսական վիճակում է և այս պարտավորությունը, որ իր վրա վերցրել է, կկարողանա ժամանակին իրականացնել և գուցե նաև հետագայում նոր թողարկումներ ունենա», – ընդգծեց նա։


 ML FASHION–ի մասին


Հիմնադրվելով 2017 թվականին՝ «ML FASHION» ՍՊԸ-ն այսօր նորաձևության մանրածախ ոլորտի զարգացող ընկերություններից է Հայաստանում՝ իր գործունեության շրջանակում ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող նորաձևության ապրանքանիշներ։


Ընկերության գործունեությունը մեկնարկել է 2018 թվականին՝ Zarina ապրանքանիշի առաջին խանութի բացմամբ։ Հետևողական զարգացման արդյունքում ընկերությունն այսօր ունի 14 գործող խանութից բաղկացած ցանց՝ ներառյալ Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում գործող մասնաճյուղերը։


2025 թվականին ընկերությունը հայկական շուկայում ներկայացրել է իսպանական նորաձևության հայտնի Punt Roma ապրանքանիշը՝ մեկ տարվա ընթացքում Երևանում բացելով երկու խանութ-սրահ։ Ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ապրանքանիշների և խանութների ցանցը՝ միաժամանակ զարգացնելով թվային վաճառքի և հաճախորդների սպասարկման լուծումները։


Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունների ֆինանսավորմանը՝ նոր ապրանքանիշերի և տեսականու ներմուծմանը, Zarina և Punt Roma ապրանքանիշների հետագա զարգացմանը, խանութների ցանցի ընդլայնմանը, ինչպես նաև Վրաստանի շուկա մուտք գործելու ծրագրի իրականացմանը։


Cube Invest–ի մասին


«Cube Invest»-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաներում, ներդրումային պորտֆելներում և պարտատոմսերի տեղաբաշխման մեջ: Ընկերությունը ձգտում է ապահովել թափանցիկ և վերահսկելի ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և հուսալի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնավոր ներդրողներին:


 Հայաստանի ֆոնդային բորսայի մասին


Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։


 

Leave a comment