Ֆրանսալեզու անհայտ «լրատվամիջոցը» թիրախավորել է Հայաստանը և ԵՄ սպասվող գագաթնաժողովը

X (Twitter) սոցիալական ցանցում բոտային որոշ հաշիվներ օրերս տարածել են տեսանյութեր, որոնք իբրև թե բացահայտում են Հայաստանի իշխանությունների կոռուպցիոն գործարքները։ Թվիթերյան գրառումը թիրախավորում է հատկապես մայիսի 5-ին Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ «Ընդդիմությունը պետք է միավորվի և խափանի Հայաստանում սպասվող ԵՄ գագաթնաժողովը»,- նշվում է գրառման մեջ։ 

Որպես «լրատվական» աղբյուր նշվում էր roserouge[.]org կայքը, որտեղ ասվում է, թե Փաշինյանը Հայաստանում հեղինակություն չի վայելում, իսկ մայիսի 5-ին Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը միջազգային դերակատարների կողմից արտաքին աջակցության պատրանք է։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ֆրանսալեզու այս հարթակը և պարզել, որ այն Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավի գործիք է։

Նախ՝ roserouge[.]org կայքը առաջին հայացքից տեղեկատվական հարթակ է, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կայքի դոմեյնը գրանցվել է 2024 թվականին, թարմացվել՝ 2025 թվականի սեպտեմբերին։ Այս կայքի գործունեության համար օգտագործված են dns1.registrar-servers.com սերվերները, ինչը թույլ է տալիս թաքցնել կայքի իրական սեփականատիրոջը և գտնվելու վայրը։ Կայքի IP հասցեն պատկանում է ամերիկյան NAMECHEAP պրովայդերին, TLS (Transport Layer Security) սերտիֆիկատ տրվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին՝ մեկ տարի ժամկետով։ Այսինքն՝ «արևմտյան լրատվամիջոցի» տեսքով ակտիվ աշխատանք հայաստանյան ընտրություններից առաջ:

Ինչ վերաբերում է կայքի բովանդակությանը, ապա այնտեղ հոդվածները հեղինակներ չունեն, կայքում «Մեր մասին» բաժին չկա, որպեսզի պարզ լինի՝ ովքեր կամ ինչ կազմակերպություն է դրա հիմնադիրը։ Այստեղ շոշափվում են Եվրոպական Միության և մասնավորապես, ֆրանսիական իրականությանը վերաբերող թեմաներ։ Հայաստանյան իրականության մասին ևս այս կայքում կան հոդվածներ, որոնք հիմնականում մեղադրանք են Հայաստանի իշխանությունների մասին։ Եվ դրանք հնչեցնողները, որոնք լրատվամիջոցի զրուցակից են հանդես գալիս, հիմնականում արցախցիներ են ։

Ուսումնասիրելով X (Twitter) հարթակում նյութը տարածած հաշիվը՝ նկատելի է, որ այն ունի ոչ օրգանական վարքագծի հատկանիշներ․ հաշիվը գրեթե չունի անձնական բովանդակություն, երկար ժամանակ գործուն չի եղել, իսկ ակտիվացել է բացառապես Հայաստանի ներքաղաքական թեմաներով տեսանյութերի տարածմամբ։ Այդ տեսանյութերում մեղադրանքներ են հնչեցվում Հայաստանի կառավարության հասցեին, իշխանությունները մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ Գրառումը 30 հազարից ավելի դիտում է ունեցել ու բազմաթիվ տարածում։ 

Արտապատկերումը՝ X-ի բոտային հաշվից։

Նման հաշիվները հաճախ միաժամանակ տարածում են նույն տեսանյութերն ու հղումները՝ օգտագործելով նույն կամ շատ նման ձևակերպումներ, ինչը վկայում է համակարգված տեղեկատվական տարածման մասին։

Այս ակտիվությունը ժամանակային առումով համընկնում է մայիսի 5-ին Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հետ։ Իսկ նման համընկնումը թույլ է տալիս ենթադրել, որ սույն տեղեկատվական հարձակման նպատակն է ոչ միայն Հայաստանի կառավարության հեղինակազրկումը, այլ նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ անվստահության մթնոլորտի ձևավորումը։

Նման նարատիվները հաճախ կիրառվում են այն դեպքերում, երբ որևէ երկիր փորձում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ կամ հանդես է գալիս արևմտյան քաղաքական օրակարգի շրջանակում։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ «Փաստերի ստուգման հարթակը» այս փուլում չի կարող պնդել, որ roserouge[.]org կայքը կամ տվյալ բովանդակությունը ուղղակիորեն կառավարվում է որևէ կոնկրետ պետության կամ պետական կառույցի կողմից։

Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կայքի կառուցվածքը, բովանդակության բնույթը, աղբյուրների կամ հեղինակների ոչ որոշակի լինելը և տարածման մեխանիզմները համընկնում են ռուսական ծագում ունեցող ապատեղեկատվական ցանցերի՝ մասնավորապես «Doppelganger» մեթոդաբանության հետ։ «Doppelganger» երևույթի մասին FIP.am-ը բազմիցս ներկայացրել է (1, 2, 3, 4)․ ապատեղեկատվական այդ արշավի մեթոդաբանությունը այսպիսին է՝ ստեղծվում են հարյուրավոր «մեկանգամյա օգտագործման» կայքեր, որոնք նմանակում են հայտնի լրատվամիջոցների ու դրանց էջերում տարածում ցանկալի կեղծ տեղեկությունը:

Այսպիսով, roserouge[.]org կայքի և դրա միջոցով տարածվող բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի համապատասխանում վստահելի լրատվամիջոցի հիմնական չափանիշներին և կարող է դիտարկվել որպես Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական ազդեցության գործիք։ Նման հարթակների միջոցով տարածվող նյութերը հատկապես վտանգավոր են այն առումով, որ ներկայացվում են որպես «արտաքին դիտորդի» կամ «արևմտյան մամուլի» կարծիք, մինչդեռ իրականում կարող են ծառայել այլ քաղաքական նպատակների։

Հասմիկ Համբարձումյան

The post Ֆրանսալեզու անհայտ «լրատվամիջոցը» թիրախավորել է Հայաստանը և ԵՄ սպասվող գագաթնաժողովը appeared first on FIP.AM.

Leave a comment