Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի հայտարարություններին, ընդդիմադիր գործիչների կալանավորումներին, Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին և Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը։

Արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Քոչարյանին «ուծեչկա» տվողի հետևից գնալու ենք, գտնելու ենք, ու ես իրեն չեմ նախանձում», բռնության կոչ չէ իրավապահ համակարգի նկատմամբ, Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի մեկնաբանությանն անձամբ ծանոթ չեմ, և, գիտեք, այժմ վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ։ Վստահ եմ, որ վարչապետի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, և նրա ասածին ավելացնելու ոչինչ չունեմ»։

Պատգամավորը հերքեց ընդդիմադիրների այն պնդումները, թե քրեական գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն կամ նպատակ ունեն «գլխատել» ընդդիմությանը նոր զիջումներից առաջ։

«Արդարության պահանջը, որը կա հասարակության մեջ, մի փոքր էլ ուշացած է։ Քրեական գործերով անցնող մարդիկ փորձում են թաքցնել իրենց դիզած ապօրինի հարստությունն ու ակտիվները քաղաքական շղարշի տակ։ Իսկ ապօրինի գույքի բռնագանձումը եղել է մեր հանձնառությունը և 720 հազար քաղաքացիների պահանջը»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով Գյումրու քաղաքային իշխանությունների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Բաղդասարյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները հանրային պահանջ են՝ պայմանավորված քաղաքային իշխանությունների անգործությամբ։

«Սարիկ Մինասյանը կարճ ժամանակահատվածում կարողացել է ցուցաբերել իր լավագույն որակները, սակայն լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ է ավագանու ինստիտուտի գործուն աջակցությունը։ Գործընթացները լինելու են բացառապես իրավական հարթությունում, իսկ թեկնածուի անունը պարզ կդառնա առաջիկայում»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment