Day.Az-ի նյարդային «էքստազը». ադրբեջանական մամուլը հարձակվել է Московский комсомолец-ի ու Известия-ի վրա՝ Փաշինյանին պաշտպանելու համար

Ադրբեջանական Day.Az լրատվական կայքը հերթական աղմկոտ հրապարակումն է արել, որտեղ անցել է լրագրողական էթիկայի բոլոր սահմանները։ Բաքվի քարոզչամեքենան այն աստիճան է ոգևորվել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, տարածքներ զիջելու և բանակցային սեղանի շուրջ զիջումների գնալու հայտարարություններից, որ հիմա էլ կատաղի հարձակում է սկսել ռուսական լրատվամիջոցների վրա։

Բաքվի լրատվամիջոցին առանձնապես զայրացրել են Московский комсомолец (МК) և Известия պարբերականների հրապարակումները։ Day.Az-ին դուր չի եկել, որ Московский комсомолец-ը Հայաստանի Անկախության հռչակագիրն անվանել է պետականության հիմք և հիշեցրել Արցախյան շարժման մասին՝ նշելով, որ հենց Հայաստանի ու Արցախի հայության համատեղ պայքարն է բերել անկախ հանրապետության ստեղծմանը։ Բաքվի քարոզիչները վրդովված հարցնում են. «Ուրեմն սա ոչ թե ողբերգական էջ է, այլ հայոց պետականության հիմքն է՞»։

Ադրբեջանական կայքը բացահայտ դժգոհում է, որ ռուսական մամուլը փաստացի հանդես է գալիս հայկական ընդդիմության փաստաբանի դերում՝ Փաշինյանի քաղաքականությունը որակելով երկիրը դեպի աղետ տանող քայլ։ Известия-ի դեպքում էլ Day.Az-ին զայրացրել է այն, որ ռուսական թերթը հարթակ է տրամադրել այն գործիչներին, որոնք վիճարկում են Յուխարը Ասկիպարայի, Բարխուդարլուի և Քյարքիի՝ Ադրբեջանին պատկանելու հարցը, մինչդեռ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դրանք Հայաստանին չեն պատկանում։

Բաքվի լրատվամիջոցը հասնում է նրան, որ Մոսկվային մեղադրում է «խաղաղությունից վախենալու» և տարածաշրջանում հակամարտությունը մշտապես վառ պահելու ցանկության մեջ։ Ըստ Day.Az-ի՝ Ռուսաստանում պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է Երևանը հրաժարվել «ուրիշի հողերն ազատագրելու» մտքից, և վախենում են, որ Բաքուն ու Երևանն առանց Մոսկվայի միջնորդության կարող են համաձայնության գալ։

Ակնհայտ է, որ Բաքվի լրատվամիջոցների համար Փաշինյանը դարձել է «անխոցելի գործիչ», իսկ ցանկացած լրատվամիջոց, որը կասկածի տակ է դնում Երևանի իշխանությունների միակողմանի զիջումները, անմիջապես արժանանում է ադրբեջանական քարոզչամեքենայի հարձակումներին։

Նարինե Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment