Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Nvidia ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է արհեստական բանականության «ոսկե դարի» մեկնարկի մասին: Երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության հրապարակմանն ընդառաջ՝ նա ընդգծել է, որ ոլորտը հասել է զարգացման բեկումնային կետի, իսկ նոր տեխնոլոգիաների նկատմամբ համաշխարհային պահանջարկը շարունակում է աննախադեպ աճ գրանցել:
Հուանգի փոխանցմամբ՝ եթե նախորդ տարի արհեստական բանականության ենթակառուցվածքների ներդրմամբ զբաղվում էր միայն մեկ խոշոր ընկերություն,ապա այժմ ականատեսն ենք նոր լաբորատորիաների ու սթարթափների կտրուկ ակտիվացման: Մի քանի առաջատար հետազոտական կենտրոններ զուգահեռաբար ընդլայնում են իրենց կարողությունները: Ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշները լիովին արտացոլում են այս միտումը. Nvidia-ի հասույթը երկրորդ եռամսյակում հասել է 96․2 միլիարդ դոլարի՝ 18%-ով գերազանցելով նախորդ եռամսյակի և 106%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Զուգահեռաբար, OpenAI ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մոտ է ընդհանուր արհեստական բանականության (AGI) ստեղծմանը: Ենթադրվում է, որ մարդկային մտածողությանը մոտ կանգնած այս համակարգը կօժտվի աբստրակտ մտածողությամբ, լայն գիտելիքներով և պատճառահետևանքային կապեր տեսնելու ունակությամբ, ինչը կարող է արմատապես փոխել մարդկության զարգացման ընթացքը: