Հասարակություն
27.08.2026 | 14:14
Դատախազության տվյալներով՝ 2025-2026 թվականներին պետական դավաճանության համար կայացվել է 4 դատավճիռ։ Երեք անձ դատապարտվել է 15, մեկը՝ 16 տարվա ազատազրկման։ Մեկ դեպքում կիրառվել է նաև զինվորական կոչումից զրկում, մեկ այլ դեպքում՝ ավելի քան 20 հազար դոլարի չափով գույքի բռնագրավում։
«2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ։
Մասնավորապես՝
1. 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ զինվորական կոչումից զրկում։
2. 2026 թվականի մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
3. 2026 թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
4. 2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 16 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20000 ԱՄՆ դոլարի չափով։
Այսպիսով, նշված ժամանակահատվածում պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված 4 անձանց նկատմամբ դատարանների կողմից նշանակվել է 15-16 տարի ժամկետով ազատազրկում, որոնցից մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։