Քաղաքականություն
27.08.2026 | 13:53
Ազգային ժողովում մտքերի փոխանակության ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անդրադարձավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ գործադիր իշխանության ճնշումներին, համայնքային ընտրություններին ապօրինի միջամտություններին և սուբվենցիաները որպես «մահակ» կիրառելու քաղաքականությանը։
Ասլանյանը նշեց, որ չնայած իշխանությունների հայտարարած եվրոպական արժեքներին և ՏԻՄ Եվրոպական խարտիայի անդամակցությանը, իրականում Հայաստանում ընտրական ժողովրդավարությունը փոխարինվել է «իշխանական ուղղահայաց բուրգի» կառուցմամբ։
«Սուբվենցիաները վերջին տարիներին դարձել են մահակ տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետերի գլխին։ Այդ ծրագրերը հատկացվում են այնքանով, որքանով տվյալ համայնքի ղեկավարը հաճո է իշխանության քաղաքական քիմքին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Կառավարության ծրագրում ՏԻՄ ոլորտի զարգացման վերաբերյալ նույնիսկ մեկ առանձին գլուխ կամ տող չկա։
Խոսելով շուրջ 15-20 համայնքներում տեղի ունեցած հետընտրական միջամտությունների և քրեական հետապնդումների մասին՝ Ասլանյանը հայտարարեց, որ իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է ՏԻՄ ինստիտուտները։
«Տեղական ինքնակառավարման մարմինների նսեմացումը մեծ թափով ընթանում է նաև հիմա։ Դուք, իշխանություն լինելով, վերացնում եք տեղական էլիտաներն ու առաջնորդության ինստիտուտները և դրանց փոխարեն ստեղծում եք նոր կլաններ։ Որովհետև այն մարդիկ, ովքեր ընտրությունների միջոցով չեն եկել իշխանության, այլ դրածոներ են, տեղերում իրենց իշխանությունն ամրապնդելու համար ստեղծում են կլաններ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան