ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico

Քաղաքականություն

27.08.2026 | 12:01

Երկու ամերիկյան  լրատվամիջոցներ՝ Wall Street Journal-ը և Politico-ն, հղում անելով  իրազեկ աղբյուրներին, հաղորդում են, որ այս շաբաթ Ռուսաստան կատարած չհայտարարված այցի ժամանակ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվային զգուշացրել է «ՆԱՏՕ-ի երկրների», մասնավորապես, Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա հարձակվելու անթույլատրելիության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացություններին, հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «փորձարկել դաշինքի ամրությունը» նոր հարձակման միջոցով, այս անգամ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա։

Չի նշվում, թե ում հետ է հանդիպել Ռեթքլիֆը։ Politico-ի աղբյուրը հայտնել է, որ նա նաև պահանջել է, որ Մոսկվան դադարեցնի Իրանին տրվող ռազմական և տնտեսական աջակցությունը։

Ռեթքլիֆի այցը Մոսկվա նախապես չէր հայտարարվել, և ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չէին հայտնել այցի օրակարգի և արդյունքների մասին։ Կրեմլի խոսնակը սահմանափակվել էր հայտարարությամբ, որ Պուտինը Ռեթքլիֆի հետ չի հանդիպել, իսկ ԿՀՎ ղեկավարը Ռուսաստան էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար։

2021 թվականի նոյեմբերին ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ուիլյամ Բըրնսը այցելել էր Մոսկվա՝ Կրեմլին նախազգուշացնելու Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին։ Մոսկվան պատերազմը սկսել էր դրանից չորս ամսից էլ պակաս ժամանակ անց, հիշեցնում է Politico-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment