27 տարեկան չծառայած անձինք կարող են վճարել ու չդատվել. Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվեց

Բաժանորդագրվել

Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այսօր «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմը»` ձեռնպահ։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։

Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այսօր «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմը»` ձեռնպահ, թեև Սարգսյանը նախորդ անգամ հույս էր հայտնել, որ 2–րդ ընթերցման ժամանակ նրանց որոշումը կփոխվի։

Հիշեցնենք` 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նոր ընդունված նախագծի` օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։

Leave a comment