Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումները սեպտեմբերին կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախատեսվող միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ դրանց նպատակը անկախության հոբելյանը երկրի յուրաքանչյուր բնակավայրում և համայնքում նշելն է։
Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև կանցկացվեն Վանաձորում, Կապանում և Գյումրիում։ Իջևանում նախատեսվում է ջազային, Վանաձորում՝ ռոք, Կապանում՝ տարբեր բենդերի մասնակցությամբ, իսկ Գյումրիում՝ դասական երաժշտության համերգ։
Միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 21-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում։ Նախարարի խոսքով՝ միջոցառումը բաղկացած կլինի երկու հատվածից՝ փոքրիկ ներկայացումից և համերգային ծրագրից, որը կավարտվի հրավառությամբ։
Նա նաև հայտնեց, որ Հայաստանի պատմության թանգարանում Բեռլինի թանգարանային կղզու հետ համագործակցությամբ կբացվի բացառիկ ցուցադրություն, որը հանրությանը հասանելի կլինի վեց ամիս։
Անդրեասյանը նշեց նաև, որ Անկախության 35-ամյակի բրենդավորման հիմքում թռչնի գաղափարն է՝ որպես պետության թռիչքի և վերելքի խորհրդանիշ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորեց մարզային միջոցառումների միջոցով քաղաքացիներին Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելելու խթան տալը։
«Մեր Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Երևանում և դեպի Երևան բերող բնակավայրերի մերձճանապարհային հատվածներից բացի չեն եղել բազմաթիվ վայրերում»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարբեր բնակավայրեր տեսնելը կարևոր է նաև «պետության զգացողություն» ձևավորելու և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում։
«Մեր կոնտենտում ավելի շատ կա Վանը, ավելի շատ կա Մուշը, քան Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան