«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է


Անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին, ապրանքանիշը՝ «Թալինի լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Այսպես՝


 


– չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկմա և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.


– հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.


– առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը.


– դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.


– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.


– չեն իրականացվել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ.


– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:


 


«Թալինի լիմոնադ» ապրանքանիշը ներկայացնող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:


 


Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումների քանակ1

Leave a comment