Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը

Կառավարությունը Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Factor.am-ը տեղեկանում է, որ այս կերպ ընկերությունը կազատվի շուրջ 675 միլիոն դրամի մաքսատուրքի վճարումից։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանն է պատկանում Հայաստանի Հանրապետությունում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով: Ներդրումային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արարատի մարզում, ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 13․5 միլիարդ դրամի ներդրում՝ բացառապես հումքի ձեռքբերման նպատակով:

Ներմուծվող հումքով նախատեսվում է կազմակերպել նավթամթերքների արտադրություն՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ:

Հումքի ներմուծումը նախատեսված է Իրանի Իսլամական Հանրապետությունից և Իրաքի Հանրապետությունից:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Ներմուծվող հումքի կազմում ներառված են բիտումի հումք (նավթավերամշակման մնացորդ)՝ 30,000,000 կգ (արժեքը՝ 4 մլրդ դրամ), թեթև սոլվենտ՝ 8,000,000 կգ (արժեքը՝ 2.5 մլրդ դրամ), սոլվենտ՝ 18,000,000 կգ (արժեքը՝ 5.2 մլրդ դրամ), կերոսին՝ 6,000,000 կգ (արժեքը՝ 1.8 մլրդ դրամ):

Որոշման նախագծում նշված է, որ ներկայում «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ում առկա է 55 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի հաջող իրականացման արդյունքում՝ մինչև 2027 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի։

Կառավարության գնահատմամբ՝ արտոնության կիրառումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման, ինչպես նաև մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացման համար:

Արփի Հակոբյան

Leave a comment