Գարշահոտության դեմ. Պրոբացիայի ծառայության շենքի նկուղը կվերանորոգվի

Հասարակություն

Գարշահոտության դեմ. Պրոբացիայի ծառայության շենքի նկուղը կվերանորոգվի

Պրոբացիայի ծառայության վարչական շենքի նկուղային հարկը կապիտալ կվերանորոգվի։ Վարչական շենքի նկուղային հարկի շուրջ 530 քառ․ մետր տարածքը ներկա պահին չի օգտագործվում, քանի որ անբարեկարգ է։ Խմելու ջրագծերի ու կոյուղագծերի հաճախակի վթարների, ինչպես նաև նկուղային տարածք անձրևաջրերի ներթափանցման ու ներգործության արդյունքում շենքի հիմքերը աստիճանաբար քայքայվում են ու թուլանում, առկա են նաեւ սեյսմաանվտանգության որոշակի ռիսկեր, որոնք գնալով ավելանում են, իսկ ժամանակի ընթացքում քայքայված ու մաշված ջրատար ու կոյուղատար խողովակաշարերից արտահոսած ջրերը, եղանակների տաքացմանը զուգընթաց շենքի ներսում տարածում են անտանելի սուր գարշահոտություն եւ ստեղծում հակահիգիենիկ իրավիճակ։ 

   Պրոբացիայի ծառայությանը տրամադրված լրացուցիչ հաստիքային միավորներից 46-ը պետք է տեղակայվեն Ծառայության վարչական շենքում։ Խնդրի լուծման նպատակով, նկատի ունենալով նկուղային հարկի առկա ու չօգտագործվող տարածքը, շենքի նկուղում կարող են ապահովել 125 քառ․ մետր աշխատանքային տարածք (1 լսարան, 4 աշխատասենյակ), ինչպես նաև 110 քառ․ մետր տնտեսական նշանակության տարածք՝ պահեստներ, սանհանգույց, հանդերձարան ու այլ տեխնիկական նշանակության մաս։ Վերոնշյալ աշխատանքների իրականացման դեպքում հնարավոր կլինի Ծառայության վարչական շենքի այլ հարկերում տեղակայված տնտեսական ու այլ նշանակության համար օգտագործվող տարածքներն ու սենյակներն ազատել ու դարձնել աշխատասենյակներ՝ դրանք տեղափոխելով նկուղային հարկ։

Արդյունքում, կստեղծվի մոտ 235 քառ․ մետր օգտագործվող հավելյալ տարածք։

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

Leave a comment