Ալիևի նյարդերը թուլացնելու նուրբ արվեստը

Երեկ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց, որ Տիգրանաշենն անվանում է Քյարքի, որպեսզի թուլացնի հնարավոր էսկալացիայի նյարդը։ Այս հայտարարությունը բացի հոգեբանական խղճուկությունից, ունի նաև քաղաքական կարևոր նշանակություն, որը փաստում է ներկայիս «խաղաղության» չգոյության մասին։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում, որ խաղաղությունը արդեն առկա է, ու գրեթե ոչ մի խոսք այն մասին, որ այդ խաղաղության համար բացակայում է մի շատ կարևոր հանգամանք՝ «խաղաղության պայմանագիրը»։ Եվ ահա, երեկ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս «խաղաղության» մեջ են ոչ թե այն պատճառով, որ երկուստեք ունեն քաղաքական կամք ու վճռականություն հասնելու խաղաղ գոյակցության, այլ պարզապես մի կողմը մշտապես բավարարում է մյուսի ցանկություններն ու պահանջները և թուլացնում վերջինիս նյարդերը։

Ստացվում է, որ ներկայիս «խաղաղության» հիմնական գրավականն է՝ ամեն անգամ հանգստացնել Ալիևի նյարդերը, երբ դրանք պրկվեն ու մշտապես ասել այն, ինչ նա ցանկանում է լսել։

Սա արդեն ոչ թե միջպետական հարաբերություններ են, այլ վասալի ենթակայություն տիրոջը։

Իսկ արդյո՞ք Ալիևը երբևէ մտածում է թուլացնելու Նիկոլ Փաշինյանի նյարդերը, թե՞ դրանք երբևէ չեն պրկվում։ Օրինակ՝ նյարդ առաջանո՞ւմ է, երբ Ալիևը «Թրամփի ուղին» անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Նյարդերի որևէ պրկում տեղի՞ է ունենում, երբ Ալիևը խոսում է «ադրբեջանցիների վերադարձից»։ Էսկալացիայի վտանգ առաջանո՞ւմ է, երբ Ալիևը Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Երբ Ալիևը Սևանա լիճը կոչում է Գյոյչա, ինչ-որ մի գրգիռ տեղի՞ է ունենում հայկական կողմում, որը հանգստացնելու կարիք կունենար, կամ երբ երեկ՝ Բաքուն իր պաշտոնական հաղորդագրությունում շեշտում էր. «Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում…», ինչը բառիս բուն իմաստով ուներ դիմացինին ստորացնելու միտում, արդյո՞ք դրանից ոմանց ինքնասիրության հնարավոր փշուրները իրենց ենթադրյալ գոյության մասին զգացնել տվեցին։

Պետական ու ազգային խայտառակություն է, երբ պետության արտաքին քաղաքականությունը հիմնված է ընդամենը նյարդերի թուլացման վրա, երբ պետության արտաքին քաղաքականությունը զրկված է սեփական օրակարգից, չունի ձևավորված շահ, չունի քաղաքական կամք ու նույնիսկ հնարավոր էսկալացիային դիմագրավելու վճռականություն։ Շղթայական զիջումները ոչ թե թուլացնում են հակառակորդ կողմի նյարդերը, այլ հակառակը, բացում ախորժակը ու հանգեցնում նյարդերի պարբերական պրկման, որն ամեն անգամ հանգստացնելու կարիք է առաջացնելու։

Եթե մեր արտաքին քաղաքականության հիմքում Ալիևի նյարդերի թուլացումն է, ապա նման պարագայում գուցե մի օր Ստեփանակերտը սկսենք անվանել Խանքենդի, իսկ Շուշին՝ Շուշա։ Հնարավոր է տեսնենք, թե ինչպես է այդ դեպքում Ալիևը սկսում կատվի նման մռլտալ։

Եթե այդքանը բավարար չլինի, կարող ենք Մասիս քաղաքը կոչել Ուլուխանլու, իսկ Վարդենիսը` Բասարգեչար, ինչը կհանգեցնի Ալիևի լիակատար թուլացմանը։ Իսկ եթե Երևանն էլ անվանենք Իրևան, ապա Ալիևի հաճույքի տնքոցների ձայնը մինչև ՀՀ կառավարություն կլսվի։

Կարեն Կարապետյան

Leave a comment