Դատարանի կողմից H-1B վիզաների տուրքի չեղարկումից հետո Դոնալդ Թրամփն առաջարկել է նոր վճար

Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին փորձում է օտարերկրյա մասնագետների համար H-1B աշխատանքային վիզաների տրամադրման դիմաց սահմանել մոտ 100 հազար դոլար վճար։ Այս քայլը հաջորդել է դատարանի կողմից նախորդ որոշման չեղարկմանը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով համապատասխան նորմատիվ ակտին։

Հունիսին Մասաչուսեթսի դաշնային դատարանը արգելափակել էր 100 հազար դոլար վճարը՝ որոշելով, որ այն հարկ է և պահանջում է Կոնգրեսի հավանությունը։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը հրաժարվել էր կասեցնել այդ որոշման գործողությունը։

Այժմ իշխանություններն առաջարկել են H-1B նոր վիզայի յուրաքանչյուր թեկնածուի համար սահմանել մոտ 103 հազար դոլար վճար, գրում է գործակալությունը։ Ի տարբերություն նախորդ նախաձեռնության՝ նոր վճարը կտարածվի գրեթե բոլոր նոր վիզա ստացողների վրա, այդ թվում՝ նրանց, ովքեր արդեն գտնվում են ԱՄՆ-ում։

Վարչակազմը միջոցը հիմնավորել է վիզային ծրագրի և ներգաղթի վերահսկողության հետ կապված ծախսերով։ Իշխանությունների հաշվարկներով՝ վճարը կարող է ապահովել մոտ 8.8 մլրդ դոլար եկամուտ՝ համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության և ներգաղթային դատարանների համակարգի ֆինանսավորման համար։

Վճարը չի տարածվի վիզաների երկարաձգման, ինչպես նաև հիվանդանոցների, ոչ առևտրային կազմակերպությունների և համալսարանների որոշ աշխատակիցների վրա։ Ամեն տարի H-1B ծրագրի շրջանակում օտարերկրյա մասնագետներին տրամադրվում է 85 հազար վիզա՝ երեքից վեց տարի ժամկետով։

Թրամփը H-1B վիզաների տրամադրման տուրքը սահմանել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ ծրագրի չափից ավելի օգտագործումը սահմանափակելու նպատակով, գրել էր Bloomberg-ը։ Դրանից հետո Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը և այլ տեխնոլոգիական ընկերություններ նման վիզաներ ունեցող աշխատակիցներին խորհուրդ էին տվել չլքել ԱՄՆ-ը։

Leave a comment