Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չորեքշաբթի Նեպալում ավելի քան 380 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը՝ օտարերկրացիներ, կապի դուրս չի եկել այն բանից հետո, երբ հզոր ջրհեղեղը հեղեղել է Տիբեթի հետ սահմանամերձ շրջանը, գրում է Euronews-ը։

«Զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն՝ տուժած շրջաններից անհետ կորած է համարվում 384 ճանապարհորդ, այդ թվում՝ 291 օտարերկրյա և Նեպալի 93 քաղաքացի»,- հայտնել է Նեպալի զբոսաշրջության խորհուրդը։

Նշվում է, որ իշխանություններն աշխատում են ճանապարհորդների գտնվելու վայրը ճշտելու ուղղությամբ։

«Հայտնաբերվել է 19 զոհի մարմին։ Մենք ակտիվորեն համակարգում ենք փրկարարական և օգնության աշխատանքները։ Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ նույնպես կապի դուրս չեն գալիս»,- ասել է Նեպալի ոստիկանության խոսնակ Աբի Նարայան Կաֆլեն։

Նեպալի ոստիկանության և այլ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցեխոտ ջրի հսկայական հոսքերը հեղեղում Չինաստանի սահմանակից Հիմալայան շրջանի լեռնային հովիտները։

Նեպալի բանակը հայտնել է, որ տուժած շրջան են ուղարկվել ուղղաթիռներ և աղետների արձագանքման մասնագետներ։ Երկրի էլեկտրաէներգետիկայի վարչությունն էլ հայտնել է, որ վնասվել է մոտ 430 մեգավատ հզորություն, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայանների և արևային էլեկտրակայանների արտադրական հզորությունները։

Կատմանդուում գործող Լեռնային շրջանների ինտեգրված զարգացման միջազգային կենտրոնի (ICIMOD) վերլուծաբան Սարթհակ Շրեստհան հայտնել է, որ նախնական գնահատման համաձայն՝ Չինաստանի կողմից սահմանամերձ տարածքում «որևէ անոմալիա» չի արձանագրվել։

Չինաստանի պետական CCTV հեռուստալիքը հայտնել է, որ «Նեպալի կողմում տեղի ունեցած սելավային աղետի հետևանքով Տիբեթի Գյիրոնգի անցակետում բազմաթիվ զոհեր և անհետ կորածներ կան»։ Հեռուստաընկերության տարածած տեսանյութերում երևում են հորդառատ ջրի հոսքեր, որոնք քշում են ծառերի ճյուղեր և բեկորներ, ինչպես նաև ջրով ծածկված ճանապարհ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրահանգել է «բոլոր հնարավոր միջոցներով» փրկարարական աշխատանքներ իրականացնել, սակայն վիրավորների կամ զոհերի թվի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment