Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր են նախապատրաստում՝ նավթի գների անկման ֆոնին

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով անվտանգ տարանցումն ապահովելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, ինչի ֆոնին Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր, հաղորդում է CNBC-ն։

Օրերս երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են ժամանակավոր նավագնացության միջանցքի ստեղծումը և նեղուցի ջրային տարածքի համատեղ ականազերծումը։ Միևնույն ժամանակ նավագնացությունը շարունակում է սահմանափակ մնալ․ նախորդ օրը նեղուցով անցել է ընդամենը հինգ առևտրային նավ՝ վերջին տասը օրվա միջին 15-ի դիմաց։

Նավթի գների վրա լրացուցիչ ճնշում է գործադրում նաև ամերիկացի դիվանագետների վերադարձը Պարսից ծոցի երկրներ, ինչը նվազեցնում է ռազմական էսկալացիայի ռիսկը։ ԱՄՆ-ը դեռևս ձեռնպահ է մնում իրանական նավթի արտահանումը սպասարկող չինական ֆինանսական ընկերությունների նկատմամբ լայնածավալ երկրորդային պատժամիջոցներ կիրառելուց։

Օրերս Brent-ի ֆյուչերսները նվազել են 3.4%-ով՝ մինչև 89.05 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ն՝ 3.6%-ով՝ մինչև 81.99 դոլար։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի ակնկալիքները նպաստել էին նաև ֆոնդային շուկաների աճին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, իսկ Dow Jones ինդեքսը Դոնալդ Թրամփի՝ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին հասել էր ռեկորդային փակման մակարդակի։

Leave a comment