Վիրավորներից մեկը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ հատվածում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը։
Ինչպես տեղեկացնում է կայքը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը։
Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկացմամբ, մահացածը վարորդներից մեկի մայրն է։