Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը պնդեց, որ իշխանությունը դատավորներին հրահանգներ չի տալիս և նրանց չի զանգում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և այն դիտարկմանը, որ իշխանության քաղաքական հայտարարություններին հաջորդում են իրավապահ մարմինների գործողությունները՝ Ղազարյանը նշեց, որ իրավապահ համակարգը պետք է գործի ինքնուրույն։

Նրա խոսքով՝ իշխանությունը տարիներ շարունակ խոսել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի և ապօրինի ծագում ունեցող գույքի մասին, իսկ այժմ իրականացվող գործընթացները մեկ գիշերվա ընթացքում ի հայտ եկած բացահայտումներ չեն։

«Իրավապահ համակարգը չպետք է առաջնորդվի ընտրական ցիկլերով և չպետք է առաջնորդվի քաղաքական հայտարարություններով»,- ասաց Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ իշխանությունը տարիներ շարունակ անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով քննություններ իրականացնելու համար։

«Յոթ-ութ տարի մենք դրել ենք բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավոր ինստիտուտները, որպեսզի այսօր դատարանները առանց որևէ հրահանգի գործեն: Մենք դատավորներին չենք զանգում»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Նա նաև նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործընթացները պետք է վերաբերվեն բոլորին՝ առանց բացառության։

«Իրավապահ համակարգը պետք է իր առաքելությունը կատարի բարձր մակարդակով, ուսումնասիրի և գնա բոլորի հետևից»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment