Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը

ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից, այս մասին գրել է «Բլոգնյուզ»-ի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր ստացած եղել 1 տարով, ապա սահմանափակումներով զորակոչվել էր բանակ, փաստացի «պատժվել» է իր առողջության համար խիստ վտանգավոր եղանակով, և, ենթադրաբար, հենց առողջական վիճակով էլ պայմանավորված վերջինն է վազել և բեռնատարի հարվածը հենց իր վրա է վերցրել։

«7 օր է անցել հանցավոր միջադեպից, երբ պետությանը վստահված զինվորին երեկոյան ժամին հանել են զորամասի տարածքից դուրս, չլուսավորվող ճանապարհ ու պատժելու նպատակով առողջական սահմանափակում ունեցող առվանզ 2 զինվորի ստիպել վազել։ 7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել։ Երեկ ծնողները վրդովված հարցազրույց տվեցին, այսօր նո՜ր տեղներից իրար եկան, բայց գրեթե վստահ եմ, որ պատժվելու է միայն բեռնատարի վարորդը։ Դե դեմից արդեն հերքել էին՝ հակագազով չեն եղել…

Դե սա էլ հո ընդդիմադիր մեկը չի, որ գիշերով խուզարկության ակտ մակագրեին, 19 տարի առաջ մահացած մարդու վրա քրգործ հարուցն, ու 24 ժամ չանցած մարդ կալանավորեն՝ 20 տարի առաջ ստորագրած ինչ-որ թղթերի համար։ Զինվոր ա էլի, մեկը էն հազարներից, որոնց գլուխը կերան ու մնացին անպատիժ»,-գրել է Գևորգյանը։

Leave a comment