Բանակում «լավ տղա» լինելու չափանիշը երբեմն դառնում է մեկ ուրիշին նվաստացնելու, ուրիշի հաշվին հաստատվելու փորձ

Հայկական զինված ուժերում տեղի ունեցող սպանություններն ու ինքնասպանություններն անհանգստացնող են։ Հայ հանրության մի մասը սոցցանցերում քննարկում է  բանակում տիրող բարքերի, դաստիարակության և հոգևոր-բարոյական միջավայրի հարցը։

Շատերը կարևորում են նաև բանակում գնդերեցների ծառայության անհրաժեշտությունը։ 2026 թվականի փետրվարի 1-ից Հայ Առաքելական եկեղեցու կողմից ԶՈւ-ում նշանակված գնդերեցների ծառայությունը դադարեցվեց։

«Զորամասերում գնդերեցների ներկայությունը ձևական բնույթ չէր կրում։ Նրանք կատարում էին շատ կարևոր աշխատանք՝ զինվորների հետ զրուցում էին, լսում նրանց խնդիրները, աջակցում դժվար իրավիճակներում հայտնվածներին, փորձում կանխել կոնֆլիկտները և հոգեբանական ծանր վիճակում գտնվող զինվորին մենակ չէին թողնում»,- MediaHub-ին ասում է նախորդ տարի զորացրված զինծառայող Նարեկ Գալստյանը։

Հունվարի վերջին գնդերեցների ծառայության դադարեցումից հետո, սակայն, բանակը զրկվեց այդ կարևոր հոգևոր օղակից։ Եվ այսօր, երբ վերջին ամիսներին գրեթե ամեն օր լսում ենք զինվորականների ոչ մարտական պայմաններում մահվան մասին, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք բանակում հոգևոր և բարոյական դաստիարակության այդ բաղադրիչի բացակայությունը ևս իր ազդեցությունը չի թողնում տեղի ունեցող ողբերգությունների վրա։

«Այսօր բանակ են գնում 18-20 տարեկան երիտասարդներ, որոնց մի մասը դեռևս չունի կյանքի դժվար իրավիճակները հաղթահարելու բավարար փորձ, հոգեբանական կայունություն և կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու հմտություն։ Բնական է, որ տեղի ունեցողը պետք չէ բարդել միայն բանակի վրա։ Չենք կարող անտեսել նաև այն միջավայրը, որտեղից նրանք գալիս են։ Համընդհանուր կրթության պակաս կա, ու ցավոք, մենք ագրեսիվ հասարակություն ենք»,- ասում է մեր զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ «լավ տղա» լինելու չափանիշը երբեմն դառնում է մեկ ուրիշին նվաստացնելու, ծեծելու կամ սեփական հեղինակությունը ուրիշի հաշվին հաստատելու փորձը։

 

Խնդրին անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ, հոգևոր բովանդակությամբ տեսանյութերի ու քարոզների հեղինակ և հասարակական գործիչ Արմեն Հարեյանը։ Նրա համոզմամբ՝ գնդերեցը միայն Պատարագ մատուցող հոգևորական չէր։ Նա զորամասում վստահության, զսպվածության, հաշտեցման և մարդկային վերաբերմունքի միջնորդ էր։

 

«Բանակում միայն կարգապահական մեխանիզմները բավարար չեն։ Զինվորին անհրաժեշտ է նաև մեկը, ում հետ կարող է խոսել ոչ թե որպես ենթակա-վերադաս հարաբերության մեջ գտնվող մարդ, այլ պարզապես որպես մարդ։ Զորամասերում մատուցվող Պատարագներն ու հոգևոր զրույցները ձևավորում էին մի միջավայր, որտեղ զինվորը հիշում էր, որ զենք կրելուց բացի զինվորը պետք է նաև մարդկայնություն, պատասխանատվություն և խղճի զգացում ունենա։ Ես առիթ եմ ունեցել տեսնելու գնդերեցների այդ աշխատանքը։ Զինվորներից մեկը որևէ խնդիր էր ունենում, գնում էր գնդերեց քահանայի մոտ, խոսում էր նրա հետ, և հաճախ հարցը լուծվում էր ոչ թե պատժի կամ ուժի, այլ զրույցի, բացատրության ու քրիստոնեական արժեքների միջոցով։ Մյուսը հոգեբանական ծանր վիճակում էր լինում և գոնե մի քանի խոսք էր ստանում, որոնք օգնում էին նրան հաղթահարել այդ պահը»,- նշում է Հարեյանը, ապա ցավով արձանագրում, որ այս ամենից այժմ զրկվել են մեր զինվորները։  

«Նույնիսկ այն բանակային հոսպիտալներում, որտեղ մատուռներ կան, այլևս նախկինի պես հոգևոր ծառայություն չի իրականացվում։ Ստացվում է՝ երիտասարդը մնում է զենքի, սթրեսի, կենցաղային խնդիրների ու իր ներքին պայքարի հետ՝ առանց այն հոգևոր հենարանի, որը նախկինում բանակում գոյություն ուներ»։

Գնդերեցների ծառայությունը դադարեցնելուց հետո՝ մինչ օրս բանակում գրանցվել է 30 մահ։

Հունան Թադևոսյան

Leave a comment