Քաղաքականություն
26.08.2026 | 11:30
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ, բայց այդ դեպքում չպետք է օգտվի ԵՏՄ-ի հնարավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը «Վեստիին» տված հարցազրույցում։
Միաժամանակ, նա Հայաստանը «կոչ է արել» դադարեցնել «կեղծ քաղաքականությունը» և ԵՏՄ անդամներին ազնվորեն ներկայացնել իր հետագա քայլերի ծրագիրը։
«Դա ինքնիշխան պետության իրավունքն է (ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը): Մեր երկիրը հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխադարձության, երկակի ստանդարտների բացակայության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա: Ես կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, քանի որ եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու մտադրության մասին, ինչո՞ւ է օգտագործում ԵՏՄ-ի հնարավորությունները: Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին: Դա ցինիկ է, դա սխալ է: Վերցրեք ու ասեք: Եթե գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում չպետք է այստեղ արտոնություններ ստանալ»,- հայտարարել է Վոլոդինը։
Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի