ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»․ թեմային անդրադարձել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։
Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։
Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։
Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։
Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։
Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։
Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին», – գրել է Աբրահամյանը։