Մինչ խորհրդարանի ամբիոնից գործադիրի ղեկավարը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական նոր հավակնությունները, տնտեսական առաջնագծում խնդիրները խորանում են:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Հայաստանից ներմուծման արգելքը՝ սանիտարական ստուգումների մասին հայկական կողմի հաշվետվությունից և ԵԱՏՄ պահանջների պահպանման ծրագրից հետո։ Մոսկվան ակնկալում էր, որ Երևանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն:
«Հրապարակը» հարց էր ուղղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, թե արդյոք ինչ-որ բան ներկայացնելո՞ւ են ռուսական կողմին և ո՞ւր է հասել քննությունը, մեզ անորոշ պատասխան էին տվել, որից հետևում էր՝ ինչ-որ բան անում են, սակայն դա հրապարակման ենթակա չէ:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։ Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում Ռոսսելխոզնադզորի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։ Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ», — ասված էր ՍԱՏՄ պատասխանում:
Սակայն Մոսկվայից հնչում են ճիշտ հակառակ հայտարարություններ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի օգոստոսի 24-ի հայտարարությունից ակնհայտ է, որ ՀՀ ՍԱՏՄ-ն մոլորեցնում է հանրությանը, ոչ մի արդյունավետ օպերատիվ կապ չկա, և իրականում ռուսական կողմը դժգոհ է:
«Հարցն այն չէ` Հայաստանը կմտափոխվի, թե ոչ, այլ այն, որ ֆիտոսանիտարական հսկողության պահանջները պետք է կատարվեն: Եվ բնականաբար, մենք պատրաստ ենք… կոնստրուկտիվ երկխոսության: Բայց ցավոք, մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ հայկական կողմից», — ասել է Օվերչուկը՝ ավելացնելով, որ խնդիրը հայկական արտադրանքում վնասատուների ու հիվանդությունների առկայությունն է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ երկրներ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ խորն է անդունդը պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև, եթե անգամ զուտ մասնագիտական ու ֆիտոսանիտարական հարցերը վերածվում են աշխարհաքաղաքական առևտրի