Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցի ջրային տարածքն ականազերծելու շուրջ։
Ինչպես հայտնել է IRNA-ն, այս մասին հայտարարություն են տարածել երկու երկրները։
«Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության վերականգնման շուրջ խորհրդակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Օմանի Սուլթանությունը պայմանավորվել են ստեղծել ժամանակավոր համատեղ ծովային միջանցք և իրականացնել նեղուցի ականազերծման համատեղ ծրագիր»,- ասվում է փաստաթղթում։
Կողմերը կշարունակեն տեխնիկական բանակցությունները՝ նեղուցով նավերի տեղաշարժի մշտական երթուղին որոշելու նպատակով։ Թեհրանն ու Մասկատը նաև կքննարկեն նեղուցի և դրանով իրականացվող ծովային հաղորդակցության կառավարման ապագա ձևաչափը, տեղեկատվության փոխանակման համակարգը, ինչպես նաև նավագնացության համար անհրաժեշտ անվտանգության և այլ ծառայությունների տրամադրումը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը։