Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են, իսկ որոշ ժամանակ անց ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվել է բուժկենտրոն։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով։

«Այդ թվում՝ նախկին նախագահի որդու (Սեդրակ Քոչարյան խմբ.), ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի (Արամայիս Որսկանյան խմբ.) և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,– ասված է հաղորդագրությունում։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր 21։00–ին։ Գործը մակագրված է դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Հիշեցնենք` ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է երեկ` օգոստոսի 24-ին, ընդ որում` բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:

Leave a comment