Գերմանիայում քննությունը հանգել է եզրակացության, որ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի դեմ ենթադրյալ դիվերսիայի փորձի ժամանակ ներգրավված են եղել պայթուցիկներով մի քանի անօդաչու թռչող սարքեր, այլ ոչ թե մեկ, ինչպես նախկինում հաղորդվել էր։ Այս մասին ասվում է NDR և WDR հեռուստաընկերությունների, ինչպես նաև Süddeutsche Zeitung պարբերականի համատեղ հետաքննության արդյունքում, գրում է Current time-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 4-ին օդանավակայանի աշխատակիցն Ան-124 ինքնաթիռի անմիջական հարևանությամբ անօդաչու թռչող սարք է հայտնաբերել։ Նույն օրը հայտնի դարձավ, որ DHL-ի բեռնատար ինքնաթիռը, օդանավակայանից թռիչք կատարելուց հետո, ենթադրաբար՝ օդում, բախվել է օտար առարկայի։
Նոր հետաքննության համաձայն՝ դեպքից 10 օր անց՝ օգոստոսի 14-ին, օդանավակայանից արևմուտք ընկած դաշտում հայտնաբերվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Եթե DHL-ի ինքնաթիռն իսկապես բախվել է ԱԹՍ-ի, ապա սա արդեն Լայպցիգի օդանավակայանի համար վտանգ ներկայացնող երրորդ անօդաչու սարքն է։ ԱԹՍ-ի կողքին քննիչները հայտնաբերել են շուրջ 50 գրամ կշռով նյութ, որը, ենթադրաբար, հեքսոգեն է։
«Հնարավոր է՝ հանցագործները նախատեսել էին շատ ավելի լայնածավալ հարձակում, քան ենթադրվում էր նախկինում»,- նշվում է հրապարակման մեջ։
Քննության վարկածով՝ DHL-ի ինքնաթիռը բախվել է նաև անօդաչու թռչող սարքի, ինչը մասին վկայում են վնասի բնույթը և օդաչուների կողմից բախումից վայրկյաններ առաջ օդում գտնվող փոքր առարկայի դիտարկումը։ Սակայն ո՛չ անօդաչու թռչող սարքը, ո՛չ էլ դրա բեկորները չեն հայտնաբերվել։ Քննությունը չի բացառում հնարավորությունը, որ բախումից հետո անօդաչու թռչող սարքը կարող էր մխրճվել շարժիչների մեջ և մասնատվել։
Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որն օգտագործվում է նաև ռազմական փոխադրումների համար, մեծ իրարանցում է առաջացրել Գերմանիայում: Աղբյուրներին հղում անելով՝ լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական հատուկ ծառայությունները կասկածվում են միջադեպին ներգրավված լինելու մեջ, չնայած, ինչպես նշում է DW-ն, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտն օգոստոսի 19-ին հայտարարել է, որ կառավարությունը դեռևս բավարար տեղեկատվություն չունի միջադեպի վերաբերյալ վերջնական գնահատական տալու համար:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջին անգամ մեկնաբանել է Լայպցիգի օդանավակայանում ենթադրյալ դիվերսիայի փորձը: Այս և նմանատիպ միջադեպերի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն, ասել է նա Բրանդենբուրգի Նոյհարդենբերգ պալատում կառավարության նիստի մեկնարկից առաջ։
Մերցը նշել է, որ Գերմանիան «ավելի ու ավելի է դառնում հիբրիդային հարձակումների թիրախ»։
«Դաշնային կառավարությունը հիբրիդային հարձակումների մեղավորներին կստիպի վճարել իրենց արարքների համար, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- զգուշացրել է Գերմանիայի կանցլերը։
Նրա խոսքով՝ կառավարությունը հատուկ ծառայությունների հետ համատեղ «ինտենսիվ» աշխատանք է իրականացնում Լայպցիգում ենթադրյալ պայթյունի փորձի համար պատասխանատուներին բացահայտելու ուղղությամբ։
«Մոտ ապագայում մենք կներկայացնենք հետաքննության արդյունքները և կմեկնաբանենք իրավիճակը»,- խոստացել է կանցլերը։
Մերցը նշել է, որ Լայպցիգի միջադեպը հաստատում է Գերմանիայում անօդաչու թռչող սարքերից պաշտպանության ոլորտում նոր միջոցառումների անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է անօդաչու սարքերից պաշտպանության հետազոտական կենտրոնի ստեղծումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի