Քաղաքականություն
25.08.2026 | 17:13
ՌԴ Ամուրի մարզում գործարկման նախապատրաստվող Ամուրի գազաքիմիական համալիրի (ԱԳՔՀ) շինարարական հրապարակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ձեռնարկության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։
Ընկերության պնդմամբ՝ համալիրի հիմնական սարքավորումները չեն վնասվել։ Հրդեհը բռնկվել է պիրոլիզի կայանքի օժանդակ տեխնոլոգիական հատվածում։ Կրակը տեղայնացվել է, այժմ իրականացվում է «տեխնոլոգիական գազերի մնացորդների վերահսկվող այրում»։
Ընկերության տվյալներով՝ հինգ մարդ հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով։ Մնացած տուժածները, որոնք ստացել են թեթև վնասվածքներ, տեղում ստացել են բուժօգնություն։
Հրդեհի պատճառը չի նշվում։ «112» տելեգրամ ալիքը, որը սերտորեն կապված է ուժայինների հետ, հաղորդում է, որ գործարանում պայթել են մեթանոլի տակառներ։ Արդյունքում 87 մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ զոհվել։ Այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։
Ամուրի գազաքիմիական համալիրն աշխարհի խոշորագույն պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրության կառուցվող օբյեկտներից մեկն է՝ տարեկան 2,7 միլիոն տոննա պատրաստի արտադրանքի ընդհանուր հզորությամբ։ Գործարանը նախատեսում է պոլիէթիլենի առաջին խմբաքանակներն արտադրել 2026 թվականի երրորդ եռամսյակում, իսկ պոլիպրոպիլենը՝ 2027 թվականին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի