Հասարակություն
25.08.2026 | 15:34
Լևոն Քոչարյանի բնակարանում շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ խուզարկությունն ապօրինի է եղել։ Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառներից մեկը Լևոն Քոչարյանի՝ որպես Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունն է։
Փաստաբանի խոսքով՝ խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր:
«Խուզարկությամբ ինչ-որ հայտնաբերվել է, նախ ապօրինի ծագում ունեցող որևէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվեր կամ այնպիսի առարկաներ, որոնք որ որևէ աղերս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ»,– ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ Լևոն Քոչարյանը, որպես ԱԺ պատգամավոր, օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, և այն պետք է հաղթահարված լիներ մինչև նրա բնակարանում նման գործողություն իրականացնելը։ Նրա գնահատմամբ՝ թեև դե յուրե Լևոն Քոչարյանը քրեական գործով որևէ կարգավիճակ չունի, դե ֆակտո նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդման բնույթ ունեցող գործողություն։
«Եթե կան գործողություններ, որոնք որ մերկացնում են անձի այս կամ այն հանցանքի կատարման մեջ, այսինքն` վերջինիս արդեն իսկ փաստացի կասկածում են և մեղադրում են ինչ-որ արարքի կատարման մասով։ Սա ենթադրում է, որ փաստացի քրեական հետապնդում է»,- պարզաբանեց փաստաբանը։
Ըստ նրա՝ նման իրավիճակում գլխավոր դատախազը պետք է նախ դիմեր Ազգային ժողով՝ Լևոն Քոչարյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու և փաստացի քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան