Երեկ հայտնի հանգամանքների բերումով քննարկումը մի տեսակ կիսատ ստացվեց, և ես ուզում եմ ընդունել իմ մեղքը. ըստ ամենայնի, տարիքն իրենն ասում է, և ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ: Այդ մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ ես ընդամենը ուզում էի ասել, խնդրում եմ՝ այս մեկը բաշխեք, էլի (դիմում է ընդդիմությանը-խմբ.), որ, հաշվի առնելով ընդդիմության զգայունությունները, չեմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան,- ասաց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, կրկին հարվածեցին սեղանին, ապա շարունակեց.- Այսինքն՝ ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում: Այս մարդիկ թողեցին, նեղացան, գնացին… Բայց ես իրենց չեմ մեղադրում, ես, ըստ ամենայնի, իմ միտքը լավ չձևակերպեցի:
Անկեղծ ասեմ, Ռուբեն Ռուբինյանը վկա. այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ՝ Գարեգին Բ, մեկ էլ ասում եմ՝ կարող է ՔՊ-ն սկսի, («…և վստահաբար կսկսի,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը – խմբ.), ուզում էի ասել՝ «Գարեգին Բ» («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին-խմբ.) կամ ուրիշ, այլ ձևակերպումներ, որ ասեի՝ հարգելի՛ ընդդիմություն, որպես կարմիր գորգ՝ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ, վերադարձե՛ք խորհրդարան: Էլ չթողեցին, որ ասեմ, դա էլ չթողեցին, որ ասեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե լեգիտիմ չէ:
«Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են՝ տնվոր են՝ գործուղված ինչ-որ միսիայի համար: Իրադարձությունն արագ է զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անեն, չեն կողմնորոշվում, գնում են-գալիս են: Բայց սա իրենց պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է, սա ՀՀ պրոբլեմն է: Կարծում եմ՝ սա է ընտրությունը՝ կա՛մ մանդատները վայր դրեք և զվաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկե՞լ եք, նստե՛ք, աշխատե՛ք: Չեմ կարծում՝ ամեն բառի վրա նեղանալ-գնալն ուժեղության նշան է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ օգոստոսի 24-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին դիմեցին ավազանի անունով, ինչը ընդդիմադիր պատգամավորների բողոքի պատճառ դարձավ։ Նրանք, ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին, ապա լքեցին դահլիճը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իշխանության «մեծագույն ցանկությունն է», որպեսզի «լիարժեք և լիաթոք» հնարավորություն լինի Գարեգին Բ-ին դիմելու «Ամենայն Հայոց Կաթողիկոս» անվամբ։