Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Քաղաքականություն

25.08.2026 | 14:01

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը արձագանքել է Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ այն քաղաքական շարժառիթներով պայմանավորված որակելով։

«Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար: Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները:

Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»,- գրել է Միկոյանը:

Քիչ առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և փողերի լվացման 4 դրվագով։ Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդու, պաշտպանության նախկին նախարարի, նախկին վարչապետի և Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ։

Ավելի վաղ Հակակոռուպցիոնը հաստատել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսվել Քոչարյաններին պատկանող մի քանի տասնյակ տարածքներում:

Leave a comment