ԱՄՆ-ն ամրապնդել է իր առաջատար դիրքը Եվրոպայի նկատմամբ արհեստական բանականության ոլորտում ներդրումների մրցավազքում, ընդ որում տարբերությունը սկսել է մեծանալ դեռևս մեծ լեզվային մոդելների բումից առաջ։ Նման եզրակացության են եկել Oxford Economics (OE) վերլուծական ընկերության փորձագետները, որոնց զեկույցին հղում է անում Financial Times-ը (FT)։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ 2021 թվականից մինչև 2027 թվականի վերջը ԱՄՆ-ում ԱԲ ոլորտում ներդրումների աճի տեմպը երեք անգամ կգերազանցի Եվրամիության համանման ցուցանիշը։ Սպասվում է, որ այդ ժամանակահատվածում ամերիկյան ընկերությունների նոր սարքավորումների և ենթակառուցվածքների վրա իրական կորպորատիվ ծախսերը կաճեն 40%-ով։ ԵՄ երկրներում աճը կսահմանափակվի 12%-ով։
Oxford Economics-ում նման կանխատեսման հիմնական շարժիչը համարում են մասնագիտացված սարքավորումների վրա ծախսերի կտրուկ աճը։ Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և Meta-ն միայն 2026 թվականին նախատեսում են ԱԲ ենթակառուցվածքների ստեղծման համար ուղղել ավելի քան 725 մլրդ դոլար։
Միաժամանակ Եվրոպան, ինչպես նշում են OE-ում, այդպես էլ չի կարողացել կրճատել հետընթացը՝ 2024 թվականի սեպտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագիի՝ մրցունակության վերաբերյալ նշանակալի զեկույցի հրապարակումից հետո։ Այդ փաստաթղթում նա զգուշացրել էր, որ թվայնացումը, դեկարբոնացումը և պաշտպանական կարիքները կպահանջեն կապիտալ ներդրումների «բացառիկ աճ»՝ համադրելի 1960–1970-ական թվականների մակարդակի հետ։
Oxford Economics-ի տնտեսագետ Դանիել Հարենբերգը իրավիճակը բացատրել է նրանով, որ ամերիկյան տնտեսությունը «ավելի դինամիկ է, ավելի ձեռնարկատիրական, ուստի ավելի արագ է շարժվում, և արհեստական բանականության մրցավազքը նրան ավելի մեծ օգուտներ է տալիս»։ Նրա խոսքով՝ «Եվրոպան շատ ավելի դանդաղ է շարժվում»։
Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Բարտ վան Արկը ուշադրություն է հրավիրել նաև աշխատանքի արտադրողականության աճող տարբերության վրա։ Նրա տվյալներով՝ 2018–2025 թվականներին ԱՄՆ-ում մեկ աշխատաժամի հաշվով ՀՆԱ-ն աճել է 14 դոլարով, մինչդեռ Եվրոպայում աճը կազմել է ընդամենը 2 դոլար։
«Տարբերությունը վերաբերում է ոչ միայն թվային ոլորտին»,— ընդգծել է փորձագետը՝ նշելով, որ ԱՄՆ-ի առավելությունը տարածվում է նաև մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև մասնագիտական ծառայությունների ոլորտների վրա։