Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են. Խուզարկվում են ընտանիքի հետ փոխկապակցված բիզնեսները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդի Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են,  իրավապահները շարունակում են խուզարկությունները Քոչարյանների տներում։

Խուզարկություն է իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։

Նախկին նախագահին վերաբերող վարույթով վեց ձերբակալված կա:

Քննությամբ տվյալներ են ստացվել պետական գույքերի ձեռքբերման, ենթադրյալ կաշառքի և խոշոր դրամական փոխանցումների վերաբերյալ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախապես համաձայնության գալով և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել ու շուկայականից էականորեն ցածր արժեքներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցվել են փոխկապակցված ընկերությունների անուններով։ Հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են կառուցապատման և վաճառքի, երրորդ անձանց օտարման, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերի փոխանցման եղանակներով, այդ թվում՝ նվիրատվության միջոցով։

Մասնավորապես՝

Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա մակերեսով հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով։ Այդ տարածքում 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքը տնօրինող «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվության միջոցով փոխանցվել ու գրանցվել է նախկին նախագահի որդու անունով։

«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում տեղակայված 2 հա մակերեսով հողամասը ձեռք է բերվել 39,630,000 ՀՀ դրամով։ Հետագայում այն փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով մեկ այլ հողամասի հետ, որից հետո այդ գույքն օտարվել է 1 մլրդ 741,931,000 դրամով։

«Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության հաշվեկշռում հաշվառված՝ Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը ևս ձեռք է բերվել 40 մլն ՀՀ դրամով։ Այնտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի՝ 331,800,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող և 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքները, ինչպես նաև երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքների միջոցով գրանցվել են նախկին նախագահի որդու անունով։

Գեղարքունիքի մարզում տեղակայված «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրն ձեռք է բերվել 83,669,000 ՀՀ դրամով։ Համալիրի սեփականատեր «Արթ Բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքի միջոցով գրանցվել է նախկին նախագահի որդու անունով։

«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա տեղակայված 1700 քմ շինությունը ձեռք են բերվել 12,267,000 ՀՀ դրամով։ Նշված տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքի միջոցով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անունով։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ պատմամշակութային հուշարձան համարվող Վ. Սարգսյան 20 հասցեի Սպայի տան շենքը և Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու ու «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 մլրդ 633 մլն 934,000 դրամ արժողությամբ 56 անշարժ գույք։ Դրանց իրական պատկանելությունն ու ծագումը թաքցնելու նպատակով այդ գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերի միջոցով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։

Քրեական վարույթի մեկ այլ դրվագով ուսումնասիրվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեներում տեղակայված հողամասերը, այդ թվում՝ գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված տարածքները։ Դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 մլրդ 393 մլն 870,000 ՀՀ դրամ, մինչդեռ հողամասերը նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ավելի ցածր գնով։

Քննության տվյալներով՝ հողամասերն անհամեմատ ցածր արժեքով վաճառելու և Հայաստանում ճապոնական «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության անխոչընդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը։ Դրա հանցավոր ծագումը քողարկելու նպատակով բաժնեմասը ձևական առուվաճառքի պայմանագրերի միջոցով գրանցվել է նախկին նախագահի որդու անունով։

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է վեց անձ, որոնց թվում են նախկին նախագահը, նրա որդին, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են նաև նախկին նախագահի որդու անունով 2001-2019 թվականներին կատարված՝ մոտ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ՌԴ ռուբլու դրամական փոխանցումների հանգամանքները։

Ուսումնասիրության առարկա են դարձել նաև վարույթին առնչվող անձանց ու նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Այդ գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու համար ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։

Leave a comment