Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը

Քաղաքականություն

25.08.2026 | 10:53

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 25-ի գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։ Նա նշել է, որ հարվածը հասցվել է Սևերսկի շրջանին, գրում է Meduza-ն։

Կոնդրատևը հայտարարել է, որ «անօդաչու թռչող սարքի բեկորներն» ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի  տարածքում։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Աֆիպսկի բնակավայրում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Նահանգապետը հավելել է, որ հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ուկրաինական Supernova+ և Exilenova+ տելեգրամ ալիքները հաղորդում են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։

Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի կեսերին։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի  վրա  խոցվել է 148 օդային թիրախ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment