Իրավապահները խուզարկում են նաև Սիրուշոյին պատկանող ընկերությունը. փաստաբան

Բաժանորդագրվել

Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը դեռ շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրավապահները խուզարկում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ` երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերությունը։ Լրագրողներին այս մասին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշեց, որ այս պահին գնում է «Պռեգոմեշ» ընկերություն (Սիրուշոյի զարդերի խանութը)` ընկերության շահերը պաշտպանելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ դեռ շարունակվում է խուզարկությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Leave a comment