Քաղաքական հետապնդում է. պատգամավորը՝ Քոչարյանների նկատմամբ կատարվողի մասին

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն ու դրան հաջորդած բոլոր գործողություններն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։

«Երեկ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես երկրի ղեկավարը ԱԺ ամբիոնից հանձնարարություն տվեց իրավապահներին: Սա քաղաքական հետապնդում է: Փորձում են մարդկանց վախեցնել, բայց չեմ կարծում, թե իրենց այդ նպատակը կիրականանա»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում ի պատասխան Փաշինյանի հրահանգների ելույթին, ապա պատգամավորն ընդգծեց՝ երկրի ղեկավարը չի կարողանում մարսել, որ ընդդիմադիր որևէ մեկը իր մտածածն ասում է հենց իր թիմակիցների ներկայությամբ: Սևակ Խաչատրյանը Փաշինյանի այս արարքն անվանեց ջղաձգում:
Պատգամավորը շեշտեց, որ օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է ու տեղի ունեցողն էլ անակնկալ չէր:

Leave a comment