2026-2027 ուստարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Արագածոտնի մարզում՝ Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում։ Մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական համակարգողները, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարները, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Խորհրդակցությունն անցկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Մինչ քննարկման մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որում մարզի մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբային աշխատանքների լավագույն փորձը։
Հաջորդիվ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ԿԳՄՍՆ շնորհակալագրեր են հանձնել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսվող աշխատանքներն ու կրթության ոլորտի առաջնահերթությունները։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նախորդ տարվա կրթական ձեռքբերումներին և մարտահրավերներին, ապա՝ հանրակրթական դպրոցներում չափորոշչային փոփոխություններին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, արտադպրոցական հաստատությունների բարեփոխումներին և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Խորհրդակցությունը շարունակվել է նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։
Դիտումների քանակ3