Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

Բաժանորդագրվել

Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում։ Խուզարկության պահին նրա 3 անչափահաս երեխաները տանն էին։

Կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։

Leave a comment