Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը: Այդ «դարակազմիկ» փաստաթղթի և օրվա գլխավոր հռետորի կրքոտ ու ոչ այնքան կրքոտ դրսևորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալ մանրամասնորեն: Իսկ մինչ այդ, կարծում ենք, կարիք կա մի քանի առանցքային հարցերի ուշադրություն դարձնել:

Նախ՝ ինչն է հատկանշական երեկվա ծրագրաներկայացման հետ կապված. թե՛ նախանախընտրական շրջանում, թե՛ բուն ընտրապայքարի ընթացքում, նաև՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, առանձնացել է կոշտ, վիրավորական, այդ թվում՝ գռեհիկ արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիքներով: Բայց նրա գլխավորած ՔՊ-ն, ինչը շատերն են արդեն արձանագրել, նորակազմ ԱԺ-ում ձև է բռնել, թե բարեկիրթ, քաղաքակիրթ վարք են դրսևորում:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագորեն ցրեց այդ ձևական պատրանքները, մանավանդ, երբ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանը, ինչպես և բնորոշ է իրեն, գործածեց վիրավորական, արգահատելի և որևէ քրիստոնյայի համար անընդունելի բառապաշար, բնորոշումներ, որոնք մենք այստեղ չենք կրկնի կամ մեջբերի, թեպետ երեկ դա բոլորն էլ լսեցին:

Հիմա՝ բուն ծրագրի ու ծրագրային ելույթի մի քանի առանցքային կետերի մասին՝ զուտ բովանդակային առումով, եթե ընդհանրապես բովանդակության մասին խոսելն այս կառավարության դեպքում ճիշտ է: Փաշինյանը նախ ազդարարեց, թե այլևս «չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է, Զինված ուժերում վերջին 11 օրվա մեջ 4-րդ զինծառայողի մահվան (սպանության կամ ինքնասպանության) խորապատկերում հայտարարեց, թե «բանակը դինամիկ զարգանում է»: Նաև ասաց, որ «նոր Սահմանադրության» (որը դեռ մի քանի ամիս պիտի գրվի) նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի: Բայց դա արդեն զարմանալի էլ չէ՝ հաշվի առնելով ինչպես Ալիևի հրապարակային պահանջը նաև այդ մասով, այնպես էլ՝ Փաշինյանի կողմից գործնականում այն ընդունելն ու ավելի վաղ հնչեցնելը:

Այսուհանդերձ, հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ծրագրում նշում է. «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար. 1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն: 2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր: 3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»:

Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:

Մյուս կողմից՝ կառավարության ծրագրում բացահայտ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական դրույթներ ներառելը գալիս է ամբողջացնելու այն բռնաճնշումները և հալածանքները, որոնք արդեն շուրջ 2 տարի փաշինյանական իշխանությունը վարում է ՀԱԵ-ի, Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականության դեմ:

Դա ևս ունի իր խորքային պատճառները. Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ամենից ազդեցիկ ու վստահություն վայելող կառույցը (բոլոր հարցումներն են դա վկայում), ՀԱԵ-ն, ցանցային կառույց լինելով, շարունակում է ունենալ իր ազդեցությունը ազգային կյանքի ու հարցերի վրա: Հիմնականներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրա առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցին չեն ընկրկում ահաբեկումների և բռնաճնշումների առաջ, շարունակում են հետամուտ լինել ազգային շահերին, շարունակում են բարձրացնել Արցախի հայության իրավունքի և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Իսկ «Ղարաբաղյան շարժման» էջը փակած հռչակող, Արցախ բառն այլևս արգելված ճանաչող (առնվազն՝ ՔՊ շրջանակում) Փաշինյանի համար դա անընդունելի է:

Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:

Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում: Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:

Բայց…

«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»… 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:

Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment