ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

24.08.2026 | 23:20

ՀԱՊԿ-ը ներկայում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի հետ համապատասխան փոխգործակցությունը ներկայում չի իրականացվում, սակայն ռազմական ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է երկկողմ ձևաչափով։

Աղասանդյանը նշել է, որ այդ համագործակցության համար առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է, այդ թվում, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ արտոնյալ պայմաններով։

ՌԴ մշտական ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում Վիկտոր Վասիլևը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն նաև այդ հարցը։

Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Այսօր՝ օգոստոսի 24-ին,  ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել էր՝ նշելով, որ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպության անդամակցության կարիքը չունի։

Leave a comment