Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համարելու, որ համաձայնագիրը իր դեմ է ուղղված։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրին միանալու համար։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական հրավեր է ստացել Մեքքայի համաձայնագրին միանալու համար։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ երկխոսություն են առաջարկել այդ երկրների հետ տարածաշրջանում հավաքական անվտանգության հետ կապված թեմաների շուրջ», – ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համաձայնագիրը իրանցիների դեմ ուղղված համարելու։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը Իսրայելն է, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել ներտարածաշրջանային մեխանիզմների վրա։

Համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ կողմերից մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների վրա։ Փաստաթուղթը նաև ռազմական համագործակցության, համակարգման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ընդլայնում է նախատեսում։

Leave a comment