Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու․ հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով․ վարչապետ


Ես ուզում եմ  մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում:


 


Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․


 


«Սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետև նորից եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու, մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան տարածքները։ 


 


Սահմանազատման և կապուղիների TRIPP-ի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որովհետև սահմանը երկար է և սահմանազատումը բնականոն ճանապարհով բավականին երկար կտևի: Իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները նաև հեռավար աշխատում են, որովհետև տարբեր փաստաթղթեր, արձանագրությունների նախագծեր են մշակում, այսինքն՝ ամենօրյա աշխատանք գնում է, իրականում սահմանազատումը շատ-շատ մանրամասն և բարդ գործընթաց է, և դա շարունակվում է և շարունակվելու է։ 


 


Կապուղիների, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք: Այն հատվածներում, որտեղ պետք է անցնի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, իրեն պետք է 500 մ լայնությամբ տարածք, մենք մեկ ու կես կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում և սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, այդ միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը»:

Leave a comment