Կոնյակը, միջազգային չափանիշների համաձայն, ֆրանսիական խմիչք է, և անհասկանալի է, թե ինչ կերպ այն կարող է լինել Հայաստանի ազգային հարստությունը. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոնյակը, միջազգային չափանիշների համաձայն, ֆրանսիական խմիչք է, և անհասկանալի է, թե ինչ կերպ այն կարող է լինել Հայաստանի ազգային հարստությունը։ Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստում՝ հինգ տարի ժամկետով Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները մինչ այժմ չեն ստեղծել ապրանքների որակի վերահսկման համար ժամանակակից լաբորատորիաների ցանց, Փաշինյանն ընդունել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Սակայն, նրա խոսքով, շատ հարցեր կարելի է և պետք է լուծել նաև առանց լաբորատորիաների օգնության։
«Աշխարհում չկա այնպիսի լաբորատորիա, որը եզրակացություն կտա մեր ալկոհոլի վերաբերյալ։ Օրինակ՝ որ սա կոնյակ է։ Որովհետև «կոնյակ» նշանակում է ալկոհոլ, որը արտադրվել է Ֆրանսիայի համապատասխան տարածաշրջանում՝ տեղական խաղողից։ Ուրեմն պե՞տք է մենք հրաժարվենք այդ անվանումից, թե՞ ոչ։ Երբ ես Կառավարությունում այս մասին եմ խոսում, մեր ընդդիմադիր շրջանակները սկսում են հայտարարել, թե իշխանությունները, իբր, ուզում են հրաժարվել հերթական ազգային հարստությունից։ Ես դա չեմ հասկանում», – ասել է Կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմության համաձայնության դեպքում ինքը պատրաստ կլինի մշակել օրինագիծ, որը կարգելի համապատասխան հայկական ալկոհոլի համար «կոնյակ» բառի օգտագործումը։