Բացվել է «Կրթվելը նորաձև է» 4-րդ կանանց ակումբը Տավուշի մարզի Բերդ քաղաքում


«Կրթվելը նորաձև է» կանանց 4-րդ ակումբը բացվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։


 


«Կրթությունն ու օգտակար ժամանցը մեկտեղող այս նախագիծը հանդիսանում է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի 6 նախագծերից մեկը և նպատակ ունի ստեղծել զարգացնող ու համախմբող միջավայր կանանց համար՝ հատկապես մարզերում։ Կանանց ակումբի բացմանը ներկա էին Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Կրթվելը նորաձև է ծրագրի ղեկավար Դիանա Չիչյանը, տեղական կոմիտեի անդամներ և ավելի քան 70 կանայք՝ Բերդ քաղաքից և մոտակա բնակավայրերից։


 


 


Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը ողջունեց ներկաներին` ներկայացնելով «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարն ու նպատակները՝ ընդգծելով, որ շարժման առաքելությունն է կրթությունը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք՝ հասանելի Հայաստանի ամենահեռավոր գյուղի, վերջին տան բնակչի համար։ Նա պատմեց, թե ինչպես է շարժումը տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մեկնարկել 2024 թվականի հոկտեմբերին փոքրաթիվ հանդիպումներով և ինչպես են այդ հանդիպումները վերաճել համընդհանուր շարժման, որն այսօր արդեն ընդգրկում է 22 համայնք և ունի ավելի քան 14 000 գաղափարակից մասնակից։


 


 


Նա նշեց նաև, որ շարժման շրջանակում մինչ օրս իրականացվել է 53 հանդիպում-բանախոսություն: Սկզբում այդ բանախոսությունների ժամանակ բանախոսում էին շարժման ղեկավար տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետո` նաև հրավիրյալ բանախոսներ տարբեր բնագավառներից՝ կրթություն, գիտություն, մշակույթ, տեխնոլոգիաներ, հասարակական կյանք և այլն։ Հենց այդ հանդիպումների ժամանակ էլ մարդկանց հետ անմիջական շփումների արդյունքում ծնվեց «Իմ քայլը» հիմնադրամում շարժմանն աջակից համանուն ծրագիր ստեղծելու գաղափարը, որը միաժամանակ հնարավորություն կտար մեզ համակարգելու շարժման օրեցօր աճող մասշտաբները:


 


Հանդիպման ընթացքում ներկա կանայք բարձր գնահատեցին նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ համայնքում վաղուց կար նման ձևաչափով ակումբների անհրաժեշտություն, որտեղ հնարավոր կլինի հավաքվել, շփվել, սովորել և ունենալ որակյալ, իմաստալից ժամանց։


 


 


 


Հիմնադրամի աշխատակիցների ոգևորությունը մեծ էր, երբ 3 դասընթացներից յուրաքանչյուրին տեղում արդեն ցանկություն հայտնեցին գրանցվելու տասնյակից ավել մասնակիցներ. հետաքրքրությունն այնքան շատ էր, որ քննարկվեց դասընթացները երկու խմբով անցկացնելու գաղափարը՝ արդյունավետությունը պահպանելու նպատակով։


 


Կանանց ակումբի շրջանակում այսուհետ Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում ամեն շաբաթ 2 անգամ անցկացվելու են խմբային դասընթացներ՝ անգլերենի ուսուցում (բազային մակարդակից), համակարգչային հմտություններ (Microsoft Office, Google Workspace, արհեստական բանականության կիրառական գործիքներ), յոգայի մարզումներ (միտքն ու մարմինը զարգացնելու համար)։


 


 


 


Նշենք, որ «Կրթվելը նորաձև է» կանանց ակումբները դեռ շարունակվելու են բացվել Հայաստանի տարբեր համայնքներում՝ շարունակելով տարածել շարժման գաղափարախոսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ2

Leave a comment