«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մի պահ գայթակղություն առաջացավ գամ փաթաթվեմ Ձեզ, ասեմ՝ փաստորեն Դուք էսքան ազնիվ, անմեղ մարդ եք եղել, ես էլ մտածել եմ, թե Դուք եք ինձ նստացրել»,- Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ապա պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ծրագրի որ կետերի չիրականացումը վարչապետը կհամարի Կառավարության ձախողում։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ասլանյանի՝ խորհրդարանի դահլիճում գտնվելը վկայում է արդարադատության խնդիրների մասին։

«Հա՞րց է, թե որ Դուք այսօր այս դահլիճում նստած եք, դա մեր արդարադատության համակարգի առավելությո՞ւնն է, թե՞ թերությունը։ Էն, որ Դուք հիմա էս դահլիճում նստած եք, էդ նշանակում է՝ Հայաստանում արդարադատություն չկա։ Ինչքան մամուլում կարդացել եմ՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (սեփականաշնորհման ոչ ենթակա) հողերը սեփականաշնորհելու մասին է, դա հանցագործություն է»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով՝ Մամիկոն Ասլանյանը հերքեց իրեն վերագրվող մեղադրանքները և հակադարձեց Փաշինյանին։

«Կենտրոնական այգին ես եմ վերադարձրել Ձեր նախկին համակիրներից մեկից։ Իսկ 60-րդ հոդվածի հարցով Դուք ինձ հետ հավասար գալիս եք, որովհետև այդպիսի բան չի եղել։ Դուք էս վերջերս Կառավարությունով և ավագանիով հաստատել եք քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ իմ բոլոր որոշումները մնացել են իմ տված իրավական կարգավորումների շրջանակում։ Դուք դա հաստատել եք, բայց դրա պատճառով ինձ դատում էին»,- շեշտեց Ասլանյանը։

Վարչապետը հաջորդիվ հրաժարվեց պատասխանել ծրագրի տապալման մասին Ասլանյանի հարցադրմանը՝ նշելով, որ գործադիրը խորհրդարան է եկել ծրագիրն իրագործելու, իսկ իրավական հարցերը հորդորեց քննարկել իրավապահ մարմինների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment