Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ

Քաղաքականություն

24.08.2026 | 14:45

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live»-ին տված մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքն այն մասին չէ՝ Հայաստանում խելքի կգա՞ն, թե՞ ոչ, այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, նման երկխոսություն ընթանում է»,- ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է ներկրվող հայկական բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։

«Խոսքն այն մասին չէ, որ դրանք անորակ են, այլ այն մասին, որ դրանց մեջ կան վնասատուներ, կան հիվանդություններ»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն 2026 թվականի մայիսից Հայաստանից ներմուծվող ապրանքների լայն տեսականու (ծաղիկներից և բանջարեղենից մինչև կաթնամթերք և ձուկ) ներմուծման սահմանափակումներ է սահմանել՝ դրանք բացատրելով, իբր, ԵՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական ու անասնաբուժական պահանջների խախտումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment